ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը ԱՄՆ-ին է վերագրել Սիրիայում «Իսլամական պետություն ահաբեկչական խմբավորման դեմ հաղթանակը եւ ասել, որ այժմ ժամանակն է, որ ԱՄՆ-ի զինվորականները տուն վերադառնան: ԱՄՆ նապխագահի համապատասխան տեսաուղերձը չորեքշաբթի տարածվել է Սպիտակ տան մամուլի ծառայության կողմից, գրում է ՏԱՍՍ-ը:
«Մենք իսկապես հաղթել ենք ԻՊ-ին: Մենք ոչնչացրեցինք նրանց, շատ ուժեղ ոչնչացրեցինք, մենք տարածքը հետ վերադարձրեցինք եւ այժմ ժամանակն է, որ մեր զոքրերը տուն վերադառնան», - ասել է Թրամփը: Թրամփը նաեւ Սիրիայում պատերազմական գործողություններին մասնակցած ԱՄՆ-ի զինծառայողներին «մեծ ամերիկացի հերոսներ եւ ամբողջ աշխարհի հերոսներ» է անվանել:
Չորեքշաբթի Թրամփը կարգադրություն էր տվել Սիրիայից զորքերի ամբողջական դուրսբերման մասին: Twitter-ում նա գրել էր, որ ԱՄՆ-ն հասել է ԻՊ դեմ հաղթանակին, ինչն էլ Սիրիայում ամերիկյան ռազմական կոնտինգենտի ներկայության միակ նպատակն էր:
ԱՄՆ վարչակազմի որոշումը հայտարարվել է այն բանից հետո, երբ Թուրքիայի նախագահ Թայիփ Էրդողանը անցյալ շաբաթ հաղորդել էր առաջիկայում Եփրատից արեւելք քրդական կազմավորումների դեմ նոր գործողություն սկսելու մասին, որտեղ գտնվում են ամերիկյան ռազմական կոնտինգենտի հիմնական ուժերը:
Այնուամենայնիվ չորեքշաբթի ճեպազրույցի ժամանակ ամերիկյան վարչակազմի ներկայացուցիչը հավաստիացրել էր, որ Թրամփն ինքնուրույն է որոշում ընդունել՝ առանց Թուրքիայի առաջնորդի հետ խորհրդակցելու:





























