Բրիտանիայի աշխատանքի եւ կենսաթոշակների նախարար Էմբեր Ռադդը ԵՄ-ից երկրի դուրս գալու հարցով երկրորդ հանրաքվեի անցկացումը ճշմարտանման տարբերակ է անվանել, հաղորդում է Financial Times-ը:

Իրադարձությունների նման զարգացումն, ըստ նրա, կարող է տեղի ունենալ, եթե խորհրդարանը հունվարին մերժի Բրյուսելի հետ վարչապետ Թերեզա Մեյի համաձայնագիրը: Ռադդը դարձել է կառավարության անդամներից առաջինը, ով նման կարծիք է արտահայտել:

Նախարարը ITV հեռուստաալիքին հայտնել էր, որ կրկնակի հանրաքվե չի ուզում, «բայց եթե խորհրդարանին չհաջողվեր կոնսենսուսի հասնել, ապա կարծում եմ, որ դրա օգտին լիովին հիմնավորված փաստարկ կլիներ»: Միեւնույն ժամանակ Ռադդը ենթադրություն է հայտնել,  որ բրիտանացիները եւս մեկ հանրաքվե են ուզում:

Հունվարի 14-ին Բրիտանական խորհրդարանի համայնքների պալատի պատգամավորները պետք է ԵՄ-ի եւՄեյի միջեւ համաձայնեցված գործարքին քվեարկեն:

Ավելի վաղ Մեյը դեկտեմբերի 11-ին այս հարցով քվեարկությունը հետաձգել էր՝ խորհրդարանում նման որոշումը պատճառաբանելով նրանով, որ Իռլանդիա կղզում սահմանների հարցը չի կարգավորվել:

Մեյը նաեւ ասել է, որ Եվրոպական միությունից Բրիտանիայի դուրս գալու հարցով երկրորդ հանրաքվե անցկացնելը անդառնալի վնաս կհասցնի բրիտանական կառավարության քաղաքականությանը:

«Եկեք չխախտենք բրիտանացիներին տված խոստումը: Հերթական քվեարկությունը կարող է անդառնալի վնաս հասցնել մեր քաղաքականության ամբողջականությանը », - ասել է Մեյն` ընդգծելով, որ նոր հանրաքվեն ընտրողների համար կասկածի տակ  կդդնի «ժողովրդավարության իրականացման» վերաբերյալ պահպանողականների կարողությունը:

Եվրոպական միությունից Միացյալ Թագավորության դուրս գալու հարցով հանրաքվեն անցկացվել է 2016 թվականի հունիսի 23-ին: Դրանում 51.9 տոկոս արդյունքով հաղթանակ են  տարել եվրաինտեգրման հակառակորդները: