ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի սեպտեմբերի 15-ին մեկնարկած 64-րդ նստաշրջանում չորեքշաբթի օրը սկսվում է ընդհանուր բանավեճը, որը կավարտվի սեպտեմբերի 28-ին։

Նստաշրջանի ընթացքում ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման նախագահելու է ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի հատուկ նիստում, որի օրակարգում միջուկային սպառազինությունների չտարածման եւ կրճատման հարցերն են։

Նյու Յորքում կայանալիք հանդիպման ընթացքում ԱՄՆ եւ ՌԴ նախագահներ Բարաք Օբաման եւ Դմիտրի Մեդվեդեւը մտադիր են քննարկել Իրանի ռազմական նկրտումները զսպելու, ինչպես նաեւ Եվրոպայում հակահրթիռային պաշտպանության համակարգերի խնդիրները։

Նրանք ելույթներով հանդես կգան ընդհանուր բանավեճի առաջին օրը` սեպտեմբերի 23-ին։ Չորեքշաբթի օրվա բանախոսների թվում են նաեւ Ադրբեջանի եւ Իրանի նախագահներ Իլհամ Ալիեւն ու Մահմուդ Ահմադինեջադը։

Վրաստանի նախագահ Միխայիլ Սահակաշվիլին ելույթ կունենա սեպտեմբերի 24-ին, իսկ Հայաստանի ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանի ելույթը, ըստ ՄԱԿ-ի տեղեկագրի, նախատեսված է ընդհանուր բանավեճի վերջին օրը` սեպտեմբերի 28-ին։