Հրդեհից հետո  անտառածածկի պաշտպանությունից զրկված սառածությունն ուշ է հալչում։ Էկոհամակարգի վերականգնմանը զուգընթաց՝ ակտիվ շերտի խորությունը փոքրանում է։ Սակայն մինչեւ վերջերս այն մասին, թե որքան արագ է վերականգնվում սառածությունը եւ ինչ է տեղի ունենում այդ ժամանակ, քիչ բան էր հայտնի, տեղեկացնում է «Գիտություն եւ կյանք»-ը։

Բազմամյա սառածության գոտին զբաղեցնում է հյուսիսային կիսագնդի ցամաքի մոտ մեկ քառորդը։ Այն նման է բազմաշերտ տորթի։ Խորքում բազմամյա սառածության հարյուրավոր մետրեր են։ Մակերեսին՝ սառած ընդերքի շերտն է, որի վերին մասում ակտիվ, ամեն տարի հալչող շերտն է։ Ողջ կառույցի զարդը ծառերն են։ Ծառերի առավել տարածված տեսակը հավերժական սառածության գոտում կուենին է։ Դրանց աճի ու զարգացման համար կա մի փոքրիկ ժամանակահատված՝ մայիսից մինչեւ սեպտեմբերի սկիզբ։ Կյանքն այստեղ կախված է շատ գործոններից, եւ կարեւորը դրանցից հրդեհն է։ Հայտնի է, որ հավերժական սառածության գոտու հարավային մասում մեծ հրդեհներ պատահում են յուրաքանչյուր 70-80 տարին մեկ։ Որքան ավելի հյուսիս է ծառերի աճման սահմանը, այնքան ավելի հազվադեպ են դառնում դրանք։ Ռուսաստանի գիտությունների ակադեմիայի Սիբիրի բաժանմունքի Կրասնոյարսկի գիտական կենտրոնի հետազոտողները Մեծ Բրիտանիայի, Շվեյցարիայի եւ Չեխիայի իրենց գործընկերների հետ համատեղ մշակել են ինքնատիպ մոտեցում հրդեհից հետո անտառային էկոհամակարգի վերականգնման մասին։ Դրա համար որոշել են օգտագործել կուենու ստորգետնյա հատվածի տարեկան օղակները։

Հրդեհից հետո կուենու  սերմերը սկսում են ընձյուղվել հենց հողի մակերեսին։ Էկոհամակարգի հիմնական բաղադրիչներից մեկը՝ մամուռը, ինչպես եւ ծառերը, դեպի վեր է աճում։ Ծառի բունն աստիճանաբար սերտաճում է մամուռի հետ, խորանում ցածր ջերմաստիճանների գոտում եւ դադարում աճել։ Եթե փորեն տասնյակ տարիների ընթացքում կազմավորված մամուռը եւ նայեն ծառի տարեկան օղակներին տարբեր խորության վրա, կարելի կլինի պարզել, թե ինչ արագությամբ է ընթացել սառածության վերականգնումը։

Օրինակ, ավելի քան 100 տարի առաջ՝ 1899թ. լիովին այրված տեղամասում մամուռը գրեթե կես մետրի է հասնում՝ իր տակ առնելով բների ստորին մասերը. ծառերն այս տեղամասում օգնել են ստեղծել չափիչ սանդղակ։ Հետազոտողները չափել են տարեկան օղակների հաստությունը տարբեր խորության վրա եւ հողի ջերմաստիճանը՝ գնահատելով հողի ակտիվ շերտի հաստությունը հրդեհների գոտում։

Արդյունքում՝ հաջողվել է վերականգնել իրադարձությունների հաջորդականությունը, որոնք տեղի են ունեցել տունդրայում հրդեհից հետո։ Առաջին 10 տարվա ընթացքում դուրս է գալիս ծառերի մոտ կեսը, որոնք կաճեն նոր տեղում, իսկ ընդերքը, որը դեռ զրկված է մամուռի եւ բույսերի պաշտպանությունից, ամեն տարի կհալչի 1,5-2 մետրով։ Նման պայմանները նպաստում են ծառերի բուռն աճին եւ մամուռի թարմ ծածկի գոյացմանը։

Միաժամանակ, էկոհամակարգը, շնորհիվ մանրէների, ակտիվորեն ածխաջրածին է արտադրում։ Այս շրջանը տեւում է մոտ 20-30 տարի։ Հետո, երբ ընդերքի ամբողջ շերտը ծածկվում է մամռով, հալչելու խորությունը կտրուկ նվազում է։ Ծառերը եւ մամուռը շարունակում են աճել, եւ գոյացած օրգանական նյութը սկսում է կուտակվել։ Արդյունքում՝ վերականգնվում է սառած տորֆի շերտը։ Վերականգնման ամբողջ գործընթացը տեւում է 100 տարուց մի փոքր ավելի։ Աշխատանքի արդյունքները հրապարակվել են Science of the Total Environment-ում։

Հետազոտողների նպատակն է փորձել պարզել հրդեհից հետո փշատերեւ ծառերի աճի առանձնահատկությունները հյուսիսային անտառներում եւ Եվրասիայի տափաստաններում, եւ հասկանալ, թե ինչպես են ծառերն արձագանքում միջավայրի, այդ թվում եւ կլիմայական փոփոխություններին։