Ազգագրագետ Հրանուշ Խառատյանի համար զարմանալի է, որ այս տարի նշվում է Ազգային անվտանգության ծառայության ստեղծման 100-րդ տարին այն պարագայում, երբ ԱԱԾ կայքում նշվում է, որ այն ստեղծվել է 1920 թվականից, իսկ խորհրդային ժամանակաշրջանում այդ ծառայությունը ասոցացվել է այլախոսության ճնշման հետ։

Այսօր՝ դեկտեմբերի 24-ին, լրագրողների հետ հանդիպմանն նա, մասնավորապես, ասաց. «Ինձ համար շատ տարօրինակ էր, որ այս տարի հայտարարվել էր, որ Ազգային անվտանգության կամ այդ ֆունկցիոնալ ծառայությունը մատուցող մարմնի 100-րդ տարին է լրանում, բայց եթե ԱԱԾ կայքում էլ նայեք, ինքը ներկայացված է 1920 թվականից։ Այսինքն՝ այդ մարմնի ինքնընկալման մեջ իր 98-րդ տարին է։ Եվ մի քիչ տարօրինակ է, որ խոսվում է Հայաստանի առաջին հանրապետության մասին, որտեղ այն առանձին մարմին չէր այդ ծառայությունը եւ ավելի հետախուզական էր ու մեր ունեցած տեղեկություններով՝ չի իրականացրել երկրի ներսում այլախոսության ճնշման ֆունկցիաները, որը եղել է խորհրդային շրջանում եւ զգալի չափով հետխորհրդային հանրապետության շրջանում։ Հասրակության մեջ КГБ, НКВД բառերը շատ ավելի ընկալվում է Հայաստանում այլախոհության ճնշման, անհամաձայնողականության, քան թե երկրի անվտանգության հետ»։

Ազգագրագետ Գայանե Շագոյանն էլ հավելում է՝ այս պայմաններում պետք է հասկանալ՝ արդյոք կոռուպցիայի դեմ պայքարն է  ԱԱԾ–ի միակ գործառույթը, որով այն հիմա զբաղվում է։

Իրավապաշտպան Վարդան Հարությունյանն էլ իր հերթին նկատում է՝ ԱԱԾ-ի այսօրվա աշխատակիցները չեն ամաչում, երբ իրենց անվանում ես չեկիստ. «Այն մարմինը («ЧК»՝ «Չեկա»), որից սկիզբ է առնում ԱԱԾ–ն, 100 տարուց մինուս 27 տարին պայքարել է Հայաստանի անկախության դեմ։ Ու հիմա կառույցի հետնորդներ են համարվում այսօրվա «չեկիստները»։ 1991 թվականին չգծվեց սահման մեր անցյալի ու ներկայի միջեւ, մենք հռչակեցինք անկախություն, որը սովետական դեմքով էր ու մտածողությամբ։ Եթե այդ սահմանը գծված լիներ, մեր հանրապետությունը այլ կլիներ։ Դրա պատճառով է, որ մենք ստիպված եղանք հեղափոխություն անել»,–նշում է նա։

Իրավապաշտպան, Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի ղեկավար Արթուր Սաքունցն էլ շեշտում է՝ եթե ԱԱԾ–ն «Չեկայի» կամ КГБ–ի  իրավահաջորդն է, ապա ինչ գործ ունի ժողովրդավարական երկրում. «ԱԱԾ-ն պետք է հրաժարվի Խորհրդային միության КГБ–ի միտումից, այլապես մենք կմտածենք, որ ԱԱԾ-ն շարունակելու է որպես գործիք օգտագործվելու այլախոհների եւ քաղաքական ընդդիմադիրների դեմ»։

Իրավապաշտպան, Հայաստանի Հելսինկյան կոմիտեի նախագահ Ավետիք Իշխանյանն  էլ շարունակում է բանախոսների միտքը՝ շեշտելով այն հանգամանքը, որ ԱԱԾ աշխատողները սովորում են Մոսկվայի ФСБ ակադեմիայում, որը եւս խայտառակություն է նրա կարծիքով։ Իշխանյանը համոզված է՝ ԱԱԾ–ն չպետք է լինի վարչապետին առընթեր մարմին. «Փաշինյանը պնդում է, որ  քաղաքական հետապնդումներ չպետք է լինեն, հետեւաբար ԱԱԾ-ն չպետք է լինի վարչապետին կից ծառայություն։ ԱԱԾ-ն նախ պետք է վարչապետին կից ծառայությունից վերածվի առանձին նախարարության կամ վարչության, որ լինի պառլամենտական վերահսկողության տակ», - եզրափակեց նա: