Միջին եւ փոքր հեռահարության հրթիռների մասին պայմանագրից հրաժարումը ծանր հարված կհասցնի միջազգային անվտանգությանն ու ռազմավարական կայունությանը: «ՌԻԱ Նովոստի»-ի հետ հարցազրույցում այսպիսի կարծիք է հայտնել ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը:
«ՄՓՀՀ պայմանագրի տապալումը կարող է ծանր հարված հասցնել միջազգային անվտանգությանն ու ռազմավարական կայունությանը: Մենք չենք կարող եւ չենք անտեսի ամերիկյան նոր հրթիռների հայտնվելը, որոնք սպառնալիք են կրում մեզ համար եւ մեր դաշնակիցների: Չպետք է կասկածներ լինեն, որ մենք միջոցների անհրաժեշտ հավաքակազմ ունենք՝ սեփական անվտանգությունն ապահովելու համար, որոնք կարող են նաեւ լրացուցիչ ամրապնդել սեփական պաշտպանական պոտենցիալը»,- հայտարարել է Լավրովը՝ շեշտելով, որ ՌԴ-ն շահագրգռված չէ սպառազինության մրցավազքով:
Նրա խոսքով՝ ՄՓՀՀ պայմանագիրը փրկելու ուղիների որոնման նպատակով Մոսկվան բաց է երկխոսության համար, եթե Վաշինգթոնը դրան պատրաստ է: «Կոչ ենք անում հրաժարվել շանտաժի եւ չապացուցված մեղադրանքների տիրաժարավորումից՝ առկա փոխադարձ մտահոգությունների շուրջ իսկապես առարկայական եւ կառուցողական համատեղ աշխատանքի օգտին»,- նշել է ՌԴ ԱԳ նախարարը:
Լավրովը հիշեցրել է, որ դեռեւս Հելսինկիի գագաթնաժողովի ժամանակ ռուսական կողմը ամերիկացիներին է փոխանցել սպառազինության վերահսկման ոլորտում կոնկրետ համալիր առաջարկներ: «Ցավոք, առայժմ ԱՄՆ-ի կողմից մեզ հետ պայմանավորվելու ցանկություն չի նկատվում: Նրանք երկխոսությունից խուսափում են, ոչ մի երաշխիք չեն առաջարկում՝ հավանաբար նախընտրելով իրենց «ձեռքերի լիակատար ազատություն» ունենալ»,- հայտարարել է Լավրովը: Նրա խոսքով՝ ոչ մի պատասխան չի ստացվել նաեւ ՄՓՀՀՊ հարցով մասնագիտական երկխոսություն սկսելու առաջարկին ՌԴ ԱԳՆ-ի ու ԱՄՆ Պետքարտուղարության շփումներում եւս:
Դրանից բացի, ԱՄՆ առճակատման գիծը հանգեցնում է գլոբալ անվտանգության ճարտարապետության հաշվեկշռի խախտման: Սեփական աշխարհաքաղաքական հավակնություններին կառչած՝ Վաշինգթոնը եւ նրա դաշնակիցները պատրաստ չեն վարժվելու գլոբալ իրողություններին, որոնք նրանց օգտին չեն փոխվում: Այստեղից էլ գալիս են բոլոր միջոցներով այս գործընթացները զսպելու ձգտումը եւ արտաքին գործերում ավելի շատ ագրեսիվությունը, քան նախկինում էր: Հատուկ մտահոգություն են հարուցում ռազմավարական կայունության ոլորտում խոշոր միջազգային համաձայնագրերի տապալման քայլերը»,- նշել է Լավրովը





























