Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը համաձայնել է ստորագրել փաստաթղթեր, որոնք ՀԱՊԿ-ում հիմնում են գործընկերների ինստիտուտ եւ թույլ են տալիս մասնակից երկրներին գագաթաժողովներին մասնակցելու ուղարկել ոչ միայն պետությունների ղեկավարների, այլեւ վարչապետերի՝ տեղեկացնում է ՌԻԱ Նովոստին։

Նախագահը նաեւ ՌԴ ԱԳՆ-ին թույլ է տվել այս փաստաթղթերի ստորագրման շուրջ բանակցությունների ընթացքում դրանցում սկզբունքային բնույթ չկրող փոփոխությունների նախագծեր մտցնել։

Փաստաթղթերի նախագծերից մեկը ենթադրում է, որ մասնակից երկրները կարող են ՀԱՊԿ գլխավոր մարմնում՝ Հավաքական անվտանգության խորհրդում ներկայացված լինել ոչ միայն երկրների ղեկավարների, այլեւ վարչապետերի մակարդակով։

Մյուս փաստաթուղթը ՀԱՊԿ կանոնադրության մեջ մտցնում է «կազմակերպության գործընկեր» հասկացությունը։ Եթե ՀԱՊԿ դիտորդները այն երկրներն ու կազմակերպություններն են, որոնք շահագրգռված են նրա իրավական բազայի եւ աշխատանքի փորձի ուսումնասիրությամբ, ապա գործընկերներ կլինեն այն երկրներն ու կազմակերպությունները, որոնք կորոշեն ՀԱՊԿ-ի հետ փոխշահավետ համագործակցել փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող ոլորտներում։ Բացի այդ, գործընկերները, ի տարբերություն դիտորդների, կպարտավորվեն մասնակցել ՀԱՊԿ գործնական միջոցառումներին։