Ռուսաստանի հետաքննությունների հատուկ կարեւորության գործերով գլխավոր վարչությունն ավարտել է Զաուր Մարդանովի եւ Վլադիմիր Գուսակովի դեմ քրեական գործի քննությունը։ Նրանք մեղադրվում են էստրադային երգիչ Աբրահամ Իպջյանի, ով հայտնի է Աբրահամ Ռուսո բեմական անունով, առեւանգման մեջ՝ հայտնում է «Վեստի»-ն։

ՌՀԿ-ի աշխատակիցները պարզել են, որ մեղադրյալները գործել են բիզնեսմեն Թելման Իզմայիլովի հետ։ Հետաքննության վարկածով՝ 2004թ․ հունվարին Ռուսոն խաբեությամբ կանչվել է մոսկովյան «Պրահա» ռեստորան, որտեղ իր կաբինետում Իզմայիլովը ծեծի է ենթարկել երաժշտին՝ պահանջելով նրանից չեղարկել բոլոր համերգները եւ այսուհետ հյուրախաղային գործունեություն ծավալել միայն իր հետ համաձայնեցնելով։

Դրանից հետո Մարդանովը (Իզմայիլովի զարմիկը) եւ Գուսակովը (գործարարի վարորդը) բռնությամբ Ռուսոյին տարել են Մերձմոսկվայում գտնվող Իզմայիլովի առանձնատուն, որտեղ պահել են երեք օր՝ մինչեւ երգիչը համաձայնել է կատարել գործարարի բոլոր պայմանները։

Նշվում է, որ քրեական գործն ուղարկվել է Ռուսաստանի գլխավոր դատախազություն՝ մեղադրական եզրակացության հաստատման համար։ Եթե Մարդանովի եւ Գուսակովի մեղքը ապացուցվի, նրանց 5-12 տարվա ազատազրկում է սպառնում։