Նոր իշխանությունները եկել են եւ սկսել են տուրքերի բարձրացումից եւ շեշտը դրել են, մեր գնահատմամբ փոքր ու միջին ընկերությունների վրա: Այս մասին, այսօր՝ դեկտեմբերի 25-ին, Երեւանի ավագանու նիստում, տեղական տուրքերը բարձրացնելու հարցի քննարկման ժամանակ նշեց «Լույս» խմբակցության ղեկավար Դավիթ Խաժակյանը:
Նա նկատեց, որ իրենք այդ հարցը քննարկել են համապատասխանհանձնաժողովի նիստում որտեղ նշվում էր, որ փոքր ու միջին բիզնեսի համար տուրքերը պետք է բարձրացվեին. «Դրանից առաջ մեզ ասում էիք՝ ինչո՞ւ առաջարկներ չեք ներկայացրել, տեսեք մենք ներկայացրել ենք: Բա ձեր մտքով չէր անցե՞լ այդ առաջարկը ներկայացնել այն ժամանակ, երբ նախագիծը հանձնաժողով չէր հասել: Ասում եք՝ մենք ներսում ընդդիմություն ունենք: Բա ձեր ներսի ընդդիմությունն այդ կետերը չէր տեսե՞լ: Փոփոխությունները ներկայացնել ավագանու նիստի օրը եւ ասել՝ վերանայեք ձեր դիրքորոշումը, որովհետեւ մենք արդեն որոշակի փոփոխություն ենք արել:
Այստեղ միտումը տուրքերը բարձրացնելն է: Այն, ինչ դուք եք առաջարկում, կիսալուծումներ են: «Լույս» խմբակցությունը դեմ է քվեարկելու տուրքերի բարձրացման այս նախագծին»,-հայտարարեց Խաժակյանը:
Քաղաքապետ Հայկ Մարությանն արձագանքեց՝ նշելով, որ նախ կա գնահատում, թե այդ բարձրացումներն ինչպես են ազդելու տնտեսվարողների վրա. «Երկրորդ, այո, հենց դրա համար էլ արվում է հանրային քննարկում: Ու եթե դժգոհողներն ավելի շատ են, հասկանում ենք, որ այստեղ խնդիր կա, ուրեմն պետք է փոփոխել: Այո, դա է աշխատելաոճը, մենք այսուհետ հանրությանը լսելու ենք եւ հենց հանրության արձագանքն է տալիս արդյունքներ»:
Սրան առարկեց Դավիթ Խաժակյանը. «Ձեր ասածից բխում է, որ եթե մենք առաջարկություն ներկայացնենք, ու մերժեք, անպայման գնանք հանրային հարթակ: Որովհետեւ երբ մենք հանձնաժողովի նիստում դա ներկայացնում էինք, նոր փաստարկ չենք բերել, ասել ենք, որ փոքր ու միջին բիզնեսի համար ծանրաբեռնվածություն է: Եւ մի ողջ հանձնաժողով մեկնաբանում էր, որ դա ճիշտ է: Այսինքն ամեն անգամ հանրային ռեսուրս մոբիլիզացնենք, որ ընդունեք, որ ճի՞շտ ենք ասում: Որն է տրամաբանությունը, մենք այդպես չեն քուզում, ուզում ենք աշխատանքային կարգով քննարկենք: Ամեն անգամ մեզ դրդելու ենք հանրային ճնշում գեներացնելու»:
Հայկ Մարությանը նկատեց, որ ոչ թե ճնշում է եղել, այլ հանրային քննարկում. «Երկրորդ, գոյություն ունի կրկնակի ու եռակի ստուգում: Երբ ես անձամբ «դաբլ եւ թրիփլ չեք» (կրկնակի, եռակի ստուգում) արեցի, առաջարկեցի, որ եկեք այնուամենայնիվ… չնայած ֆինանսիստները, ինչպես ձեզ են համոզել, ինձ են համոզել, ես էլ մի պահ համոզվել եմ, ասել եմ՝ դե որ ասում եք՝ տարվա կտրվածքով մեկ դրամ է թանկանում: Բոլորս էլ գիտենք, թե բենզալցակայաններն ու գազալցակայաններն ինչպես են աշխատում, յուրաքանչյուր հայի երազանքն է ունենալ բենզալցակայան կամ գազալցակայան: Ինձ նույնկերպ համոզել են, որ այս թվերը չեն ազդելու, բայց քանի որ ես ողջ կյանքում սիրում եմ կրկնակ ու եռակի ստուգել, եւ միշտ սիրում եմ ունենալ պահեստային, բուֆերային զոնա, ես առաջարկեցի, որ այնուամենայնիվ, եկեք շեմը դնենք փոքր ու միջին բիզնեսի համար»,-ասաց նա:
Նշենք, որ Երեւան համայնքում տեղական տուրքերի 2019 թ․ դրույքաչափերը սահմանելու նախագծով նախատեսվում է բարձրացնել մի շարք տուրքեր, որոնք 2018 թվականի սահմանված դրույքաչափերի նկատմամբ էական տարբերություն ունեն։





























