ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը ֆեյսբուքյան իր էջում անդրադարձել է Ադրբեջանի կողմից Ղարաբաղի մասին արված հերթական հայտարարությանը:
Նա, մասնավորապես, գրել է.
«Մարդ ռիսկ չի անում արդեն հորդորել մեր Կառավարությանը արձագանքել Ադրբեջանի իշխանությունների կողմից Ղարաբաղի մասին արվող հերթական անհեթեթ հայտարություններին:
Նիկոլ Փաշինյանի դիլիջանյան հայտնի զեղումներից հետո, չգիտես էլ նման դեպքերում ճիշտը նրանց լռելն է թե խոսելը:
Իմ կողմից Մամեդյարովին ասեմ, որ բացառված է Ղարաբաղյան հակամարտության կարգավորման որեւէ տարբերակ, որը չի ներառելու Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքի իրագործումը եւ պարտադիր ճանաչումը:
Ինչքան ուզում եք, սազը ձեռներդ Հայաստանի նոր իշխանությունների գովքն արեք եւ փնովեք մեր նախկին իշխանավորներին, մեկ է, սա այն հարցն է, որի լուծումը տվել եւ տալու է Արցախի ժողովուրդը՝ համայն հայության աջակցությամբ:




























