Գյուղատնտեսության նախարարությունում մասնագետների պակաս կա: Դեկտեմբերի 25-ին լրագրողների հետ հանդիպմանն այս մասին ասաց «Ֆերմերային շարժում» ՀԿ նախագահ Սարգիս Սեդրակյանը:
Նրա խոսքով, տարիներ շարունակ երկրում կադրային ջարդ է կատարվել, որի արդյունքում այսօր մասնագետների լուրջ պակաս կա: «Այսօր բազմաթիվ պետական գերատեսչություններում, այդ թվում, գյուղատնտեսության նախարարությունում, որակյալ կադրերի պակաս կա: Պաշտոնները զբաղեցնում են ոչ թե մասնագետները, այլ երիտասարդները, որոնք կարող են հանրությունում ներկայանալի լինել», - նշեց նա:
Սեդրակյանն ընդգծեց, որ հեղափոխության օրերին փողոց էին դուրս գալիս նաեւ բազմաթիվ գյուղացիներ եւ գյուղատնտեսության մասնագետներ, սակայն մինչ օրս որեւէ մեկը հեղափոխության փոփոխությունները չի զգացել: «Ժողովուրդն աստիճանաբար հիասթափվում է, իսկ երիտասարդ մասնագետները չեն ուզում խորհրդի համար մեզ՝ փորձառու մասնագետներին դիմել», - ավելացրեց ՀԿ ղեկավարը:
Նա նշեց, որ նախարարությունները լուծարելու անհրաժեշտություն չկա, անհրաժեշտ է փոխել աշխատելու մոտեցումները: «Եթե իշխանությունները շարունակեն այդ մոտեցումով աշխատել, ապա վախենում եմ, որ հաջորդ տարվա վերջում պետությունը չի կարողանա նույնիսկ թոշակ վճարել: Անհրաժեշտ է գյուղացիներին ցույց տալ, որ գյուղատնտեսության նախարարությունը ծառայում է իրենց», - եզրափակեց Սարգիս Սեդրակյանը:




























