Հայաստանի գյուղատնտեսության մեջ աննախադեպ անկում է նկատվում: Դեկտեմբերի 25-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ այս մասին ասաց տնտեսագետ Ռաֆայել Հովհաննիսյանը:
Նրա խոսքով՝ այս տարի հետընթաց կարելի գրանցել փաստացի բոլոր ոլորտներում, սակայն գյուղատնտեսության մեջ այն ռեկորդային է՝ 8 տոկոս: «Անթույլատրելի է շարունակել նախորդ պրակտիկայի կիրառումը: Մինչեւ հիմա իշխանությունների ամբողջ գործունեությունը հենվում է գյուղացիներին վարկեր տրամադրելու վրա: Անհրաժեշտ է հասկանալ, որ գյուղացիներն այսօր ի վիճակի չեն վարկերը մարել, նույնիսկ եթե այն առանց տոկոսի տրամադրվի»,- նշեց նա:
Փորձագետը շեշտեց, որ անհրաժեշտ է ուսումնասիրել զարգացած եվրոպական երկրների փորձը եւ աշխատանքի մոտեցումներում արմատական փոփոխություններ կատարել: «0,5-1 հա տարածքում արտադրությունն արդյունավետ չէ, անհնար է աշխատանքի բարձր արտադրողականություն ապահովել: Անհրաժեշտ է ուսումնասիրել կոոպերացիայի համակարգի ներդրման եվրոպական փորձը»,- եզրափակեց Հովհաննիսյանը:


























