Արցախում եւս պետք է փոփոխություններ տեղի ունենան։ Այս մասին ասյօր՝ դեկտեմբերի 25-ին, «Սասնա Ծռեր» կուսակցության մամուլի ասուլիսի ժամանակ ասաց կուսակցության պատվավոր անդամ Ժիրայր Սեֆիլյանը։
«Ժողովրդական ապստամբության շնորհիվ Հայաստանում տեղի է ունեցել փոփոխություն, սակայն այդ ալիքի ոգեղենությունը հասնելով Արցախ՝ այդ փոփոխությունները տեղի չէին ունեցել, բայց ոչինչ՝ ուշ լինի, նուշ լինի, անհրաժեշտ է Արցախում փոփոխությունը»,–նշեց նա։
Պաշտպանության բանակի փոփոխության մասով Ժիրայր Սեֆիլյանը շեշտեց՝ ավելի ճիշտ կլիներ, որ իրական պատճառները հրապարակվեն եւ ժողովուրդը պետք է իմանա այդ կարեւորագույն պաշտոնի հրամանատարի հեռացումը ինչ պատճառով է տեղի ունենում. «Ես շատ կուզեի, որ այդ հեռացումը լիներ անցնող տարիներին բանակի ներսում թերությունների պատասխանատվությունը կրելու հետեւանք, ոչ թե այն, ինչ հայտարարվում է»։
Նա վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանին հորդորեց Հայաստանում սկսածը ամբողջացնել Արցախում արմատական փոփոխությունների միջոցով, քանի որ Արցախի ժողովուրդը, Սեֆիլյանի խոսքով, դրան է սպասում, սակայն շեշտեց՝ Բակո Սահակյանի անձի հետ որեւէ խնդիր չունեն, տեղի ժողովրդի պահանջն է, որ արմատական փոփոխություններ տեղի ունենան։ Նա կարծիք հայտնեց, որ այն ինչ տեղի ունեցավ Հայաստանում, շատ ավելի հեշտ կլինի Արցախում։





























