ՊՊԾ գնդի գրավման ժամանակ երկու ոստիկաններին սպանել է ռեժիմը, իսկ երրորդի սպանության պատճառն այն վիճակն էր, որ ստեղծել էր ռեժիմը։ Այս մասին այսօր՝ դեկտեմբերի 25-ին, «Սասնա Ծռեր» կուսակցության մամուլի ասուլիսի ժամանակ ասաց կուսակցության անդամ Վարուժան Ավետիսյանը։

«Առհասարակ, ապստամբության մասին խոսելիս պետք է անդրադառնալ ապստամբության պատճառներին։ Այո՛, եղել են ապստամբության պատճառներ եւ քաղաքացին ունի ապստամբելու իրավունք։ Քաղաքացին իրականացրել է ապստամբելու իր իրավունքը եւ այս իրավունքին  հակասող որեւէ գործողություն «Սասնա ծռեր» խմբի անդամները չեն արել»,–ասաց նա։ 

Վարուժան Ավետիսյանի խոսքով՝ առկա տեղեկույթով ապացույցներ կան, որ առնվազն երկու ոստիկանի սպանության հետ «Սասնա ծռեր» խմբի անդամները առնչություն չունեն. «Շատ ցավալի է, որ եղել են զոհեր, եւ առաջինը մենք ենք գնդի տարածքում եղած ժամանակ մեր վերաբերմունքն արտահայտել, ցավակցել, գեներալ Եղիազարյանի ու գնդապես Օսիպյանի հետ միասին նաեւ պատվո համազարկ ենք կազմակերպել զոհված գնդապետ Վանոյանի հիշատակին»։։

Նրա համոզմամբ՝ եթե չլիներ այդ ապստամբությունը, կունենայինք հազարավոր եւ տասնյակ հազարավոր զոհեր. «Ցավալի, որ եղել են զոհեր, բայց այդ ոստիկաններին, ակնհայտ է, որ սպանել է ռեժիմը, իսկ մյուսի մահվան, սպանվելու պատճառը էլի ռեժիմն է, այն վիճակն է, որն առաջացրել է ապստամբության կենսական անհրաժեշտություն։ Եթե չլիներ այդ ապստամբությունը, մենք կունենայինք հազարավոր եւ տասնյակ հազարավոր զոհեր, եթե զոհերի հարաբերակցության մեջ փորձենք դիտարկել»։

Վարուժան Ավետիսյանը շեշտում է՝ «Սասնա ծռեր» խմբի անդամները նման քայլի են դիմել, որ չլինեն այդ հազարավոր զոհերը։ «Ցավոք փոխհրաձգության ժամանակ մեկ զոհ եղավ, երկու հոգի էլ ռեժիմը զոհաբերեց մեր նկատմամբ ծանր մեղադրանքներ առաջադրելու, համապատսախան հոգեբանական վիճակ ստեղծելու եւ գրոհը արդարացնելու նպատակով, հատկապես Տեփանոսյանի զոհաբերման հանգամանքը նկատի ունեմ»։