ՀՀ նախագահի դիմումի հիման վրա 2018թ. հոկտեմբերի 2-ի ԱԺ արտահերթ նիստում ընդունված աղմկահարույց օրենքի Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ գործով նիստը նշանակվել է հունվարի 22–ին։ Այս մասին NEWS.am–ին հայտնեց Սահմանադրական դատարանի մամուլի քարտուղար Մարիաննա Հակոբյանը։
Նախագահ Արմեն Սարգսյանի դիմումի հիման վրա՝ ՍԴ–ն կքննի «Ազգային ժողովի կանոնակարգ» ՀՀ սահմանադրական օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ սահմանադրական օրենքի 2-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված 50-րդ հոդվածի 6-րդ մասի 2-րդ և 3-րդ կետերի՝ Սահմանադրությանը համապատասխանության հարցը։
Նշենք, որ նմանատիպ գործերով Սահմանադրական դատարանը որոշում է ընդունում դիմումը մուտքագրելուց ոչ ուշ, քան երեք ամիս հետո։ Սահմանադրական դատարանի պատճառաբանված աշխատակարգային որոշմամբ գործի քննության ժամկետը կարող է երկարաձգվել, բայց ոչ ավելի, քան երեք ամսով։
Հիշեցնենք, որ հոկտեմբերի 23–ին ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը հայտարարություն էր տարածել ԱԺ ՝ 2018թ. հոկտեմբերի 2-ի արտահերթ նիստում ընդունված «Ազգային ժողովի կանոնակարգ» ՀՀ սահմանադրական օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» օրենքի վերաբերյալ։
Նախագահն արձանագրել էր, որ օրենքի փոփոխություններում, ինչպես նաև «Ազգային ժողովի կանոնակարգ» օրենքում առկա են առերևույթ սահմանադրա–իրավական խնդիրներ։
Աղմկահարույց օրենքի Սահմանադրության պահանջներին համապատասխանության հարցը որոշելու համար նախագահը դիմել էր ՍԴ։





























