Մենք չենք պատրաստվում մասնակցել «փողոցային ժողովրդավարությանը»: Այս մասին դեկտեմբերի 26-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարել է «Քրիստոնեա-ժողովրդավարական վերածնունդ» կուսակցության ղեկավար Լեւոն Շիրինյանը:
Նրա խոսքերով, իրենք կշարունակեն իրենց ծառայությունները մատուցել հասարակությանը, առաջարկել պետական զարգացման նոր հայեցակարգեր: «Սակայն մենք չենք պատրաստվում որեւէ գործընթացի մասնակցել ոչ խորհրդարանական պայքարի տեսքով: Մենք կարծում ենք, որ անհրաժեշտ էր ստեղծել մրցակցային Ազգային ժողով: Իսկ դրա համար հարկավոր էր ազատվել հին համակարգի մնացուկներից, մասնավորապես, Ընտրական օրենսգրքից»,- նշել է քաղաքագետը:
Նա ավելացրել է, որ ոչ մի տնտեսական հեղափոխության մասին խոսք չի կարող լինել, քանի դեռ քաղաքական եւ դատական բարեփոխումներն ավարտված չեն: «Անհրաժեշտ է տնտեսական համաներում անցկացնել եւ թույլ տալ ՀՀԿ-ին «մաքրվել»: Դրա համար Հանրապետական կուսակցությունը պետք է հայտարարություն անի՝ արդյոք իրենք ընդունում են իրենց սխալները, թե ոչ», - ավելացրել է կուսակցության ղեկավարը:
Անդրադառնալով կառավարության կառուցվածքային փոփոխությունների թեմային՝ Շիրինյանն ընդգծել է, որ անթույլատրելի է օպտիմալացում իրականացնել միայն կրճատումների եւ անհամատեղելի նախարարությունների միավորման հաշվին:





























