ՀՀ արդարադատության նախարարության եւ Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի ներկայացուցիչների մասնակցությամբ դեկտեմբերի 26-ին  տեղի է ունեցել քննարկում քրեակատարողական հիմնարկներին վերաբերող մի շարք հարցերի շուրջ:

Հանդիպմանը մասնակցել են Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի քրեական արդարադատության ոլորտում եւ զինված ուժերում մարդու իրավունքների պաշտպանության դեպարտամենտի ղեկավար Արտյոմ Սեդրակյանը, ՄԻՊ Կանխարգելման ազգային մեխանիզմի իրականացման համակարգող-խոշտանգումների եւ վատ վերաբերմունքի կանխարգելման վարչության պետ Գոհար Սիմոնյանը, Արդարադատության նախարարության հակակոռուպցիոն եւ քրեակատարողական քաղաքականության մշակման վարչության պետ Կարեն Հակոբյանը, վարչության պետի տեղակալ Շուշանիկ Ղուկասյանը, վարչության աշխատակից Արփինե Սարգսյանը, Պաշտպանի աշխատակազմի եւ Արդարադատության նախարարության այլ ներկայացուցիչներ:

Հանդիպման ընթացքում քննարկվել են «Քրեակատարողական համակարգում ազատությունից զրկված կանանց եւ անչափահասների իրավունքների ապահովման վերաբերյալ» Մարդու իրավունքների պաշտպանի արտահերթ զեկույցը, Պաշտպանի աշխատակազմի կանխարգելման ազգային մեխանիզմի կողմից 2018 թվականի սեպտեմբերի 10-ին ՀՀ ԱՆ «Հրազդան», ինչպես նաեւ 2018 թվականի հոկտեմբերի 15-ին ՀՀ ԱՆ «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկներ կատարած մշտադիտարկման այցերի վերաբերյալ տեղեկանքները:

Կարեւորվել է համատեղ աշխատանքը՝ այն որակելով արդյունավետ եւ պրոֆեսիոնալ:

Սուրեն Քրմոյանը ներկայացրել է քրեակատարողական հիմնարկներում կատարված բարեփոխումները, անդրադարձել Պաշտպանի զեկույցներում եւ տեղեկանքներում բարձրացված, Արդարադատության նախարարության կողմից նախանշված խնդիրներին եւ առաջարկել դրանց լուծման կարճաժամկետ եւ երկարաժամկետ մեխանիզմներ:

Քննարկման ընթացքում հատուկ անդրադարձ է կատարվել քրեակատարողական հիմնարկներում առկա սննդի, բուժսպասարկման, զբաղվածության, կրթության հարցերին, ինչպես նաեւ քրեակատարողական հիմնարկի աշխատակիցների սոցիալական ապահովությանն ու վերջիններիս աշխատանքի պատշաճ կազմակերպման պայմաններին: Նույն համատեքստում, քննարկվել են դեղորայքի ընդունման եւ դրա կիրառման, հոգեբանական խնդիրներին վերաբերող հարցեր:

Նշենք, որ բացի նրանից, որ դատապարտյալները օրենքով սահմանված չափով տեսակապի (skype) համակարգից օգտվելու իրավունք ունեն, այժմ առավել մեծ ջանքերով Արդարադատության նախարարության եւ Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի կողմից նախատեսվում են բարելավվել արտաքին աշխարհի հետ շփման պայմանները: Որպես օրինակ նշվել է, որ այսօր արդեն քրեակատարողական հիմնարկներում քաղաքային հեռախոսների կողքին նշված են բոլոր ցուցումները, թե ինչպես կարելի է կապ հաստատել Պաշտպանի թեժ գծի աշխատակիցների հետ:

Քննարկման ընթացքում երկու մարմինների ներկայացուցիչները կարեւորել են քրեակատարողական հիմնարկներում գտնվող անչափահասների, երիտասարդների կրթությանը վերաբերող հարցերը: Ընդգծվել է նաեւ, որ ՀՀ կրթության եւ գիտության նախարարության կողմից 2018 թվականի մարտի 21-ին ՀՀ ԱՆ «Իրավական կրթության եւ վերականգնողական ծրագրերի իրականացման կենտրոն» ՊՈԱԿ-ին տրվել է միջնակարգ հանրակրթական ծրագրերով, առկա ուսուցմամբ գործունեության լիցենզիա: ՊՈԱԿ-ը ՀՀ կրթության եւ գիտության նախարարության կողմից համապատասխան ֆինանսավորում ստանալուց հետո հանրակրթությունը կկազմակերպի սահմանված կարգով:

Հանդիպման ընթացքում քննարկման առարկա են դարձվել Մարդու իրավունքների պաշտպանի զեկույցներում եւ տեղեկանքներում հստակ ներկայացված օրենսդրական առաջարկները: Օրինակ՝ քննարկվել եւ որոշվել է համատեղ ջանքերով լուծումներ առաջարկել ազատությունից զրկված անձին մեկուսի պահելու իրավական հիմքերի հստակեցման ուղղությամբ:

Հանդիպման ընթացքում պայմանավորվածություն է ձեռք բերվել, որ քննարկված հարցերի առնչությամբ Արդարադատության նախարարությունը կմշակի Մարդու իրավունքների պաշտպանի կողմից քրեակատարողական համակարգում  արձանագրված խնդիրների լուծման համալիր ծրագիր:

Որպես հանդիպման առանցքային արդյունք, կողմերը պայմանավորվել են 2019 թվականի ընթացքում Արդարադատության նախարարության եւ Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի ջանքերով իրականացնել քրեակատարողական հիմնարկներում գտնվող անձանց պատժի ընթացքում ռիսկերի եւ պահանջմունքների վերհանման, պատժի անհատական պլանավորման եւ դատապարտված անձանց վերասոցիալականացման եւ վերաինտեգրմանն ուղղված միջոցառումների շարք, որոնց նպատակն է քրեակատարողական համակարգում դատապարտյալների ուղղման եւ վերասոցիալականացման համակարգի կարողությունների ու դատապարտյալների վերասոցիալականացման նոր մշակույթի ձեւավորումը: