Հայաստան կառավարությունն իր այսօրվա՝ դեկտեմբերի 27-ի նիստում որոշեց փոփոխություն կատարել «Պետական կառավարման համակարգի մարմնի կանոնադրության օրինակելի ձեւը սահմանելու մասին» որոշման մեջ, որով սահմանվում է, որ նախարարությունների խնդիրների եւ նպատակների իրականացման ընթացքում քաղաքացիական հասարակության մասնակցության ապահովման նպատակով նախարարին կից ստեղծվում է հասարակական խորհուրդ:
Հարցը ներկայացրեց արդարադատության նախարարի պաշտոնակատար Արտակ Զեյնալյանը՝ նշելով, որ ըստ այդմ, ամեն նախարար պետք է ունենա իրեն կից հասարակական խորհուրդ: Նա ընդգծեց, որ այդ խորհուրդներում կընդգրկվեն տվյալ ոլորտի մասնագետներ ԿՀ-ներից եւ նաեւ լրագրողներ. «Այդ խորհուրդներում միայն նախարարն է, որ նախարարությունից է, մյուսները հասարակակն սեկտորից են: Նրանց կազմն անընդհատ թարմացվում է ռոտացիոն սկզբունքով»:
Նախարարին կից հասարակական խորհուրդը, մասնավորապես, աջակցում է նախարարության խնդիրների եւ նպատակների առավել արդյունավետ իրականացմանը՝ ներկայացնելով առաջարկություններ եւ դիտողություններ, ՀԿ-ների կամ այլ շահագրգիռ անձանց մասնակցությամբ քննարկում է հասարակության տարբեր շերտերի կարծիքներն ու տեսակետները նախարարության խնդիրների եւ նպատակների իրականացման վերաբերյալ եւ այլն:
Կառավարության որոշման սույն նախագծով սահմանվում են ՀՀ նախարարին կից ստեղծվող հասարակական խորհրդի ստեղծման նպատակները, հասարակական խորհրդի գործառույթները, ինչպես նաեւ սահմանվում են նախագծից բխող միջոցառումների իրականացման ժամկետները:
Ակնկալվում է, որ այս նախագծի ընդունման արդյունքում կկանոնակարգվի ՀՀ նախարարին կից ստեղծվող հասարակական խորհրդի գործունեությունը՝ նպաստելով հանրային մասնակցության եւ նախարարությունների գործունեության թափանցիկության եւ հաշվետվողականության բարձրացմանը:
Առաջին փոխվարչապետ Արարատ Միրզոյանը նկատեց, որ այս խորհուրդը կապող օղակ կարող են լինել նախարարությունների եւ հասարակության միջեւ, եւ դրանք չպետք է ձեւական բնույթ կրեն:





























