Երեւանի Սուրբ Սարգիս եկեղեցու մերձակայքում երեկ` փետրվարի 21-ին հայտնաբերված ընկեցիկ երեխան այժմ գտնվում է Երեւանի Նորքի մանկատանը, բժշկական վերահսկողության ներքո: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց մանկատան տնօրեն Լիաննա Կարապետյանը: Նա նշեց, որ երեխան այժմ բժշկական մի շարք հետազոտությունների է ենթարկվում: «Առաջիկա օրերին նրան կստուգի նյարդաբանը, քանի որ երեխան հենում չունի եւ չի կանգնում, միայն նստում է, ունի ռախիտ»,-ասաց մանկատան տնօրենը:

Նա նաեւ հավելեց, որ երեկ եւ այսօր երեխայով որեւէ մեկը չի հետաքրքրվել, իսկ ոստիկանությունը համապատասխան աշխատանքներ է տանում` գտնելու երեխայի ծնողներին:

Հիշեցնենք, որ լքյալ երեխային անհայտ անձինք սայլակով թողել էին եկեղեցու մուտքի մոտ: Աղջիկը ենթադրաբար 10 ամսական է, նրա հագին եղել է վարդագույն կոմբինեզոն: Սայլակը տեսնողներին թվացել է, որ նրա ծնողները գտնվում են եկեղեցու ներսում, սակայն մի քանի ժամ փոքրիկի հետեւից ոչ ոք չի եկել:

NEWS.am-ին ոստիկանության լրատվական ծառայությունից հայտնեցին, որ երեխայի ծնողներն առայժմ չեն հայտնաբերվել, նրանց հայտնաբերելու նպատակով տարվող որոնողական աշխատանքները շարունակվում են: