Դուբայի կառավարչի դուստրը՝ արքայադուստր Լատիֆան, ով մի քանի ամիս առաջ փորձել էր փախչել ԱՄԷ-ից, «խնդրահարույց երիտասարդ կին է»։ Այս մասին BBC Today-ի ռադիոհաղորդման եթերում ասել է մարդու իրավունքների հարցերով ՄԱԿ նախկին գլխավոր հանձնակատար Մերի Ռոբինսոնը, ով օրերս հանդիպել է արքայադստեր հետ։

Նա նշել է, որ իրեն հրավիրել էր արքայադուստր Հայան՝ Դուբայի կառավարիչ շեյխ Մուհամմեդ Բին Ռաշիդ Ալ Մակտումի կինը, որպեսզի օգնի նրա դստերը։ Ռոբինսոնը հայտնել է, որ իրեն խնդրել են օգնել «ընտանեկան երկընտրանքի հարցում»։ «Երկընտրանքն այն է, որ Լատիֆան խոցելի է։ Նա խնդիրներ ունի։ Նա տեսանյութ է նկարահանել, որի համար ափսոսում է, փախուստ է ծրագրել եւ այլն»,- ասել է Ռոբինսոնը։

Նա հավելել է, որ Լատիֆան հաճելի երիտասարդ կին է, սակայն նրան բժշկական օգնություն է հարկավոր, եւ նա ստանում է «հոգեբուժական օգնություն»։