18 հարց՝ 2018–ի մասին ամանորյա շարքի շրջանակներում հարցերին պատասխանում է 6-րդ գումարման ԱԺ պատգամավոր եւ 7-րդ գումարման պատգամավորի թեկնածու Գեւորգ Պետրոսյանը։
Որտե՞ղ եք անցկացնելու ամանորյա արձակուրդները։
Հայաստանի Հանրապետությունում։
Որքա՞ն գումար եք մտադիր ծախսել տոների ընթացքում։
Նախապես ծրագրված է մեկ պատգամավորի աշխատավարձի չափով։
Անցնող 2018 թվականին ձեր անձնական գլխավոր ձեռքբերումը։
Անձնական եւ հասարակական շահերի զուգակցման սկզբունքից ելնելով՝ ես նաեւ անձնական եմ համարում ժողովրդի հաղթանակը անցանկալի իշխանության նկատմամբ։
2018 թվականին ձեր անձնական ամենամեծ թերացումը։
Մեծ թերացումներ չեմ ունեցել, կարծում եմ՝ թերացումներից մեկն այն է, իհարկե երբեմն նաեւ ոչ իմ անձնական մեղքով, բայց առանձին օրենսդրական նախաձեռնություններ կյանքի չեմ կոչել, այսինքն՝ ոչ թե թերացում ասեմ, այլ բացթողում, որովհետեւ դա եղել է իմ կամքից անկախ պատճառով։
Եթե հավատայիք Ձմեռ պապին, ի՞նչ նվեր կուզեիք նրանից։
Կուզենայի, որ մեր ժողովուրդը լավ ապրի, որ քաղաքացին իր մաշկի վրա զգա հեղափոխության արդյունքը, դա կուզեմ որպես ընդհանուր բնույթի նվեր։ Անձնական երջանկության համար ամեն ինչ ունեմ։
Եթե հայ քաղաքական դաշտի կանանցից Ձյունանուշ ընտրեիք, ո՞ւմ կընտրեիք։
Ճիշտն ասած, նախորդ ԱԺ-ի կանանց կազմը ինձ դժվարացնում է Ձյունանուշի ընտրություն անել, նոր կազմին չեմ ճանաչում, երբ ճանաչեմ, այդ հարցին այն ժամանակ կպատասխանեմ։
2018 թ. Ձեզ ամենաշատը տպավորած գիրքը։ Ինչո՞ւ։
Ես, ընդհանրապես, մասնագիտական զբաղվածության բերումով կարդում եմ միայն մասնագիտական գրականություն եւ ոչ թե գրքի տեսքով, այլ օրենքների, հոդվածների, գիտական մեկնաբանությունների տեսքով, գեղարվեստական գիրք չեմ կարդացել 2018 թվականի ընթացքում։
2018 թ. Ձեզ ամենաշատը տպավորած ֆիլմը։ Ինչո՞ւ։
Նոր ֆիլմեր չեմ նայում, եթե ազատ ժամանակ ունենում եմ, այն նվիրում եմ մեր հայկական ֆիլմերին՝ «Հարսնացուն հյուսիսից» «0199», «Մենք ենք, մեր սարերը»։ Ես ժողովրդական արժեհամակարգի կողմնակից եմ, եւ դա դրսեւորվում է նաեւ ֆիլմերի հարցում։
2018 թ. Ձեզ ամենաշատը տպավորած երգը։ Ինչո՞ւ։
Երգերի մեջ էլ սիրում եմ լավ կատարումներ՝ անկախ ոճից, բայց հիմնականում ես ժողովրդական երգարվեստի սիրահար եմ։
Ինչո՞վ եք զարմացնելու Ձեզ եւ մեզ 2019 թվականին։
Ես երբեք չեմ փորձել ինչ-որ մեկին զարմացնել, բայց փորձելու եմ ակտիվ լինել, ինչպես եւ եղել եմ նախորդ գումարման Ազգային ժողովում, ակտիվ օրենսդիր գործունեությամբ զբաղվել, ներկայացնել իրականում իսկապես ժողովրդի շահերից բխող, պետականության ամրապնդման շահերից ելնող օրինագծեր եւ դրանք պաշտապնել, բայց դա ոչ թե զարմացնելու համար, այլ իմ իրավական պարտականությունները եւ առաքելություններն իրակնացնելու համար։
Ամանորյա հայկական ավանդույթներից ո՞րն եք ամենաշատը սիրում եւ որը՝ ամենաքիչը։
Դե չնայած 46 տարեկան եմ, բայց, այնուամենայնիվ, ինձ համար հաճելի է Ձմեռ պապու ներկայությունը, հատկապես եթե ընտանիքում կան երեխաներ։ Սիրում եմ նաեւ շատ մերձավոր մարդականց նվերներ տալը, բայց ոչ ստանալը։ Ես ավելի շատ սիրում եմ նվիրել, քան ստանալ։ Չեմ սիրում, երբ մարդիկ ստիպված, ամոթից ելնելով, որպես զուտ պարատականություն տոպրակները ձեռքներին թակում են հարազատների դռները Նոր տարին շնորհավորելու համար, դա ինձ համար ամենատհաճ երեւույթն է։ Ես չեմ սիրում ոչ ինքս տոպրակ բռնել, ոչ էլ սիրում եմ, որ իմ դուռը թակում են տոպրակով։
Ամանորի գիշերը որերորդ զանգով կամ հաղորդագրությամբ եք շնորհավորում կուսակցության ղեկավարին։
Ես Ամանորի գիշերը հատուկ զանգերի ընտրություն չեմ կատարում, բայց ինձ համար իմ կուսակցության ղեկավարն արժեքավոր մարդ է ոչ միայն Ամանորի գիշերը, այլ տարվա բոլոր օրերին։ Հետեւաբար, կարեւորն այն չէ, թե իրեն որերորդ զանգը կանեմ, կարեւորն այն է, որ ես միշտ զանգում, շնորհավորում եմ իմ ղեկավարի ու նրա ընտանիքի Նոր տարին։
Եթե Ձմեռ պապը մեկ օրով Հայաստանում լիներ, առաջին հերթին ո՞ւր կտանեիք եւ ի՞նչ ցույց կտայիք մեր երկրում։
Ես փոքր մարդ եմ Ձմեռ պապուն անակնկալներ մատուցելու հարցում, քանի որ Ձմեռ պապն է ամբողջ աշխարհին անակնկալ մատուցում։ Բայց ես կտանեի իմ հայրական ծննդավայր՝ հարազատ Լոռի։ Կարծում եմ, որ, այնուամենայնիվ, Լոռվա հարուստ բնաշխարհը ունակ կլիներ Ձմեռ պապուն գոնե ինչ-որ առումով զարմացնելու եւ հաճույք պատճառելու։
Մեկը հին իրերն է նետում, մյուսը՝ լույսերը միացնում կամ դռները բաց թողնում. ժողովրդական հավատալիքներից Դուք որի՞ն եք հետեւում։
Ես հավատալիքներով չեմ ապրում, անկեղծ ասած, հին իրերը նետում եմ ոչ թե Նոր տարվա օրը, այլ երբ նրանք սպառում են իրենց առաքելությունը, նշանակությունը, որեւէ հավատալիք չունեմ։
Ե՞րբ է ձեր տանը վերջանում խոզի բուդը։
Ես Նոր տարին տանը չեմ նշում, պատահական չէ, որ ասում եմ ՀՀ-ում։ Կարծես ավանդույթ է դարձել ընկերներով, ընտանիքներով համախմբվել մի հարկի տակ եւ միասին նշել, այդ է պատճառը, որ խոզի բուդն ինձ համար օրակարգային հարց չէ։
Ձեր ամենասիրած խմիչքը։
Ես երկար տարիներ ոգելից խմիչք չեմ օգտագործում, բայց նախընտրում եմ կոնյակը։
Ո՞րերորդ բաժակից կարող եք հայտնվել «Բաղնիքդ անուշի» հերոսի դերում։
Ես «Բաղնիքդ անուշ» ֆիլմի հերոսի դերում ընդհանրապես որեւէ բաժակից հետո չեմ հայտնվի, որովհետեւ ինձ որեւէ դերում հայտնվելու համար ոչ թե խմիչքի տեսակը եւ բաժակների քանակն է կարեւոր, այլ կոնկրետ իրադրությունը, ես կարող եմ առանց խմելու շատ մեծ ուրախություն ապրել կոնկրետ միջոցառման ժամանակ,։
2018թ. ձեր լսած ամենասուր անեկդոտը։
Ամենասուր անկեդոտները ընդհանրապես ցենզուրայից դուրս են լինում, դրա համար ես չեմ կարող պատմել։





























