Տասնհինգ ամիս առաջ Էր Ռիադում ես առաջին անգամ հանդիպեցի Մուհամմեդ Բեն Սալմանի հետ, ով այն ժամանակ Սաուդյան Արաբիայի թագաժառանգ արքայազնի տեղակալն էր։ Այդ հանդիպման ժամանակ արաբական առաջնորդը խոստովանեց, որ իսլամական ծայրահեղականությունը խնդիր է իսլամի մեջ եւ պետք է լուծվի մուսուլմանների կողմից՝ արեւմտյան ժողովրդավարության օգնությամբ։ Այն ժամանակ ես երբեք չէի մտածի․որ թագաժառանգ արքայազնը մասնակցություն կունենա լրագրողի սարսափելի սպանության մեջ՝ Washington Post-ում գրում է ԿՀՎ-ի նախկին աշխատակից Ուիլ Հերդը։

«Դառնալով թագաժառանգ արքայազն՝ Մուհամմեդ Բեն Սալմանը սկսեց Սաուդյան Արաբիայում անցկացնել այդքան անհրաժեշտ սոցիալական բարեփոխումները, այդ թվում՝ թույլ տվեց, որ կանայք ավտոմեքենա վարեն եւ առաջին անգամ մի քանի տասնամյակների ընթացքում կինոթատրոններ բացեց։ Հաջորդ անգամ ես նրան Վաշինգտոնում հանդիպեցի, նա բացատրեց, թե որքան կարեւոր են այդ բարեփոխումները սաուդյան հասարակության եւ տնտեսության աշխուժացման համար։ Վերջիվերջո, բարգավաճող Սաուդյան Արաբիան շատ է հետաքրքրում Ամերիկային։ Ինչպես եւ շատ ուրիշ արեւմտյան պաշտոնատար անձինք, ես հուսով էի, որ նա Սաուդյան Արաբիան կտանի դրական, ճնշումներից եւ քաղաքական հետապնդումներից ազատ ուղղությամբ։

Ջամալ Խաշոգջիի սպանությունը զգալի չափով ոչնչացրեց այդ հույսերը։

Խաշոգջիի սպանության մասնակից սաուդյան ցանկացած պաշտոնյային պատժելը հանդիսանում է ճիշտ որոշում եւ հաստատում է Ամերիկայի հավատարմությունը մարդու իրավունքներին եւ քաղաքական ազատություններին։

Հիմա մեր առջեւ կանգնած է այդ արժեքները Պարսից ծոցի տարածաշրջանում անվտանգության հարցերով ԱՄՆ-ի շահերի հետ հավասարակշռելու խնդիրը։ Ավելի քան 70 տարի ԱՄՆ-ի եւ Սաուդյան Արաբիայի հարաբերությունները Մերձավոր Արեւելքում մեր արտաքին քաղաքականության կարեւոր մասն են հանդիսանում։ Այսօր Սաուդյան Արաբիան եւ Պարսից ծոցում նրա գործընկերները կարեւոր դաշնակիցներ են ահաբեկչության դեմ պայքարում, ինչպես նաեւ՝ Իրանում ապակայունացնող իշխանության դեմ պայքարում։

Սաուդյան Արաբիայի կառավարությունը պետք է փոխի իր քաղաքականությունը, այլապես Միացյալ Նահանգները անհնար կհամարեն այն ռեժիմի աջակցությունը, որը սպանում է իրեն քննադատողներին։ Եթե թագաժառանգ արքայազնը եւ սաուդյան կառավարությունը չփոխեն իրենց կուրսը, թագավոր Սալմանը պետք է վերանայի, թե ով պետք է լինի իր հետնորդը։

Սաուդյան Արաբիան կարեւոր դաշնակից է Մերձավոր Արեւելքում, որը սատարում է ահաբեկչության դեմ պայքարում ԱՄՆ ջանքերին։ Սակայն Խաշոգջիի սպանությունը դարձավ մարդու իրավունքների ցավալի խախտում եւ կոտրեց բոլոր հույսերը Սաուդյան Արաբիայի նոր առաջնորդի հանդեպ։ Թագաժառանգ արքայազնը եւ նրա կառավարությունը պետք է փոխեն կուրսը, այլապես Սաուդյան Արաբիային նոր ղեկավարություն կպահանջվի, որպեսզի Վաշինգտոնի եւ Էր Ռիադի միջեւ բազմամյա համագործակցությունը շարունակվի»։