Անցյալ կիրակի Էր Ռիադում տեղի ունեցավ «կարմիր արքայազն» Թալալ Բին Աբդուլ Ազիզ Ալ Սաուդի արքայական հուղարկավորությունը։

Սայմոն Հենդերսոնը The Hill-ում գրում է, որ այդ թաղումը քաղաքական տեսակետից կարեւոր է նրանով, որ կարող է նպաստել ենթադրություններին, թե երբ եւ ինչպես է տեղի ունենալու թագավորության ղեկավարության փոփոխությունը։

Էր Ռիադում թագավոր Սալմանը արքայազն Մուհամմեդ Բին Սալմանի ուղեկցությամբ մասնակցել է հուղարկավորությանը։ Թալալը թագավորի ավագ խորթ եղբայրն է եւ արքայազն Վալիդի հայրը, ով ձերբակալված է հակակոռուպցիոն գործողությունների շրջանակում։ Թալալի մյուս երկու որդիները նույնպես ձերբակլված են։ Երեք եղբայրներն էլ ներկա են եղել իրենց հոր թաղման արարողությանը։

Հայտնի է, որ Թալալն ու այժմյան թագավորը շատ մտերիմ էին։ Լուսանկարներում 82-ամյա թագավոր Սալմանը հուսալքված տեսք ունի։

Արքայազն Թալալը հակասական կերպար էր Սաուդյան Արաբիայի թագավորական տանը։ 1950-60-ական թվականներին նա գլխավորել է արքայական տան անձանց խումբը, որ հայտնի է «Ազատ արքայազնների շարժում» անվանմամբ եւ հանդես է եկել սահմանադրական միապետության օգտին։ Նրա բաժնետոմսերը առգրավվել են, եւ Թալալը որոշ ժամանակ ապրել է վտարանդիության մեջ՝ Բեյրությում եւ Կահիրեում։ Այնուհետեւ վերադարձել է հայրենիք եւ զբաղվել բուռն քաղաքական գործունեությամբ։ Դիվանագետները նրան համարում էին խելացի եւ հետաքրքիր, թեեւ՝ էքսցենտրիկ։

Արքայազն Թալալի մայրը ծնունդով Հայաստանից էր, ինչը սովորաբար նշանակում է, որ նա թագավոր դառնալու հեռանկար չուներ, սակայն ասում են, թե Սալմանի նախորդ Աբդուլլահ թագավորը մի անգամ Թալալին առաջարկել է լինել իր գահի ժառանգորդը։

Հուղարկավորությունները կարող են թատեական լինել եւ նպաստել կանխագուշակումներին։ Այդ իմաստով «կարմիր արքայազն» Թալալի հուղարկավորությունը կարող է դառնալ «Գահերի խաղի» սաուդյան տարբերակի առաջին գործողությունը 2019-ին։