1988-ից մինչեւ 2010-ի դեկտեմբերի 1-ը Հայաստանում արձանագրվել է ՄԻԱՎ-ով վարակման 956 դեպք, որից 20-ը մինչեւ 15 տարեկան երեխաների մոտ: Այս մասին փետրվարի 22-ին ԱՊՀ երկրներում ՁԻԱՀ-ի համաճարակի դիտարկման հարցով աշխատանքային խորհրդակցության ժամանակ ասել է Հայաստանի առողջապահության փոխնախարար Սերգեյ Խաչատրյանը, հավելելով, որ վարակվածներից 460-ը հիվանդացել են ՁԻԱՀ-ով (10-ը՝ երեխաներ), որոնցից 228-ը մահվան ելքով (4-ը՝ երեխաներ):

Նա նաեւ նշել է, որ Հայաստանը հատուկ տեղ է տալիս ՁԻԱՀ-ի դեմ պայքարում ԱՊՀ երկրների հետ համագործակցությանը։

Հայաստանում ՄԱԿ մշտական համակարգող Դաֆինա Գերչեւան ասել է, որ 2011-ը ՁԻԱՀ-ի դեմ պայքարի պատմության մեջ կարեւոր տարի է լինելու։ Նրա խոսքով, չնայած ՁԻԱՀ-ով հիվանդացության դեպքերի նվազման՝ Արեւելյան Եվրոպայի եւ Կենտրոնական Ասիայի երկրներում ՄԻԱՎ-ի թվի ավելացում է նկատվում։ Վերջին 10 տարում նշված տարածաշրջաններում հիվանդացությունն աճել է երեք անգամ՝ 2009 թվականի տվյալներով կազմելով 1,4 միլիոն մարդ։

Աշխատանքային խորհրդակցությանը մասնակցել են Ուկրաինան, Տաջիկստանը, Վրաստանը, Ղազախստանը, Բելոռուսը, Ուզբեկստանը, Ղրղըզստանը, Մոլդովան, Ռուսաստանը,ԱՄՆ-ը, Իսպանիան, Դանիան, ինչպես նաեւ ԱՀԿ ներկայացուցիչներ։

Նշենք, որ ՄԱԿ-ի տվյալներով, 2009 թվականին 15-24 տարեկան երիտասարդների շրջանում ՄԻԱՎ-ով վարակվածների թիվը հասել է 5 միլիոնի, այն դեպքում, երբ 2010 թվականին նրանց թիվը 5,7 միլիոն է եղել։ 2009 թվականի վերջին տվյալներով, ամբողջ աշխարհում ապրում է ՄԻԱՎ-ով վարակված 33,3 մլն մարդ։