«Դեղին ժիլետներ» շարժման ցուցարարները երկրի արեւմտյան Ռուան քաղաքում հրդեհել են այն առանձնատան դարպասները, որում տեղակայված է Ֆրանսիայի բանկի տեղական մասնաճյուղը՝ տեղեկացնում է Agence France-Presse-ը։

Գների եւ հարկերի բարձրացման դեմ Ռուանում տեղի ունեցած ցույցին մոտ 1000 մարդ է հավաքվել։ Հրշեջները կարողացել են հանգցնել առանձնատան այրվող փայտե դռները միայն այն բանից հետո, երբ ոստիկաններն իրենց վերահսկողության տակ են վերցրել փողոցը։ Ոստիկանությունն իր թվիթերյան էջում հայտնել է, որ ցուցարարներն իրենց շատ ագրեսիվ են պահում՝ քարեր են նետում իրավապահների վրա, այրում են աղբամանները եւ բարիկադներ կառուցում։ Ոստիկանության եւ ցուցարարների միջեւ բախումը տեղի է ունեցել երկաթգծի կայարանի մերձակայքում, որի պատճառով ոստիկանները ստիպված են եղել արցունքաբեր գազ օգտագործել։

Խոշոր ցույցեր եւ հանրահավաքներ են տեղի ունենում Բորդոյում։ Այնտեղ դրանց մասնակիցների թիվը հասնում է 2,4 հազարի։ Ցուցարարները պահանջում են երկրի համար կենսական նշանակություն ունեցող հարցերով հանրահավաք անցկացնել, ինչպես նաեւ՝ պահանջում են Մակրոնի հրաժարականը։