Գերմանիայի ներքին գործերի նախարար Խորստ Զեեխոֆերը կոչ է արել խստացնել միգրացիոն օրենսդրությունը այն բանից հետո, երբ ապաստանի հայտ ներկայացրած չորս միգրանտներ ծեծի էին ենթարկել բավարական Ամբերգ քաղաքի անցորդներին։

«Նման չհիմնավորված դաժանությունը մենք մտադիր չենք հանդուրժել»,- Bild-ին տված հարցազրույցում ասել է ՆԳՆ ղեկավարը։ Երբ ապաստանի հայտ ներկայացնող մարդիկ հանցանք են գործում, նրանք պետք է հեռանան երկրից, իսկ եթե գործող օրենքներով դա նախատեսված չէ, ապա դրանք պետք է փոխել՝ հայտարարել է Զեեխոֆերը։

Դեկտեմբերի 29-ին Աֆղանստանից, Սիրիայից եւ Իրանից 17-19 տարեկան չորս հարբած երիտասարդներ Ամբերգ քաղաքի կայարանի եւ պատմական կենտրոնի շրջանում հարձակվել եւ թեթեւ մարմնական վնասվածքներ էին հասցրել ընդհանուր առմամբ 12 անցորդների։ Կալանավորման ժամանակ միգրանտները դիմադրություն էին ցուցաբերել ոստիկաններին, դեկտեմբերի 30-ից նրանք մեկուսարանում են։ Հանցագործության դրդապատճառները հայտնի չեն։