«Լրագրողներ առանց սահմանների» ֆրանսիական կազմակերպությունը Ադրբեջանի իշխանություններին կոչ է արել ազատել հացադուլ հայտարարած բլոգեր եւ իրավապաշտպան Մեհման Հուսեյնովին։ Կազմակերպության հայտարարության մեջ ասվում է, որ 26-ամյա երիտասարդը գտնվում է «հուսալքության մեջ» եւ կարող է մահանալ ադրբեջանական բանտում՝ հայտնում է RFI-ը։
Բաքվի գաղութում պատիժը կրող Հուսեյնովը դեկտեմբերի 26-ին չոր հացադուլ է սկսել՝ որպես բողոք իր դեմ առաջադրված նոր մեղադրանքի։
Բլոգերը, ով գրել էր ադրբեջանցի բարձրաստիճան պաշտոնյաների շրջանում կոռուպցիայի եւ երկրում մարդու իրավունքների խախտումների մասին, 2017թ․ մարտին դատապարտվել էր երկու տարվա ձերբակալության՝ «զրպարտություն» հոդվածով՝ այն բանից հետո, երբ հրապարակայնորեն հայտնել էր, որ իրեն ոստիկանությունում ծեծի են ենթարկել։ Նրա պատժաժամկետին երկու ամիս էր մնացել, երբ Հուսեյնովին նոր քրեական մեղադրանք առաջադրվեց այն մասին, թե նա իբր հարվածել է բանտի աշխատակցին։ Նոր մեղադրանքով նրան 5-7 տարվա ազատազրկում է սպառնում։ Երիտասարդ բլոգերն այդ մեղադրանքը հերքում է եւ դեկտեմբերի 26-ին հացադուլ է հայտարարել։
Հուսեյնովի փաստաբան Շախլա Գումբատովան «Թուրան» գործակալությանը հայտնել է, որ դեկտեմբերի 28-ին, երբ հանդիպել է իր պաշտպանյալի հետ, նա շատ թույլ է եղել եւ չի կարողացել ինքնուրույն քայլել։ Երկու օր անց, դեկտեմբերի 30-ին բլոգերը գաղութից տեղափոխվել է բանտ, որտեղ դադարեցրել է չոր հացադուլը։
Դա տեղի է ունեցել այն բանից հետո, երբ Հուսեյնովը շատ է վատացել, եւ նրա մոտ բժիշկներ են եկել։ Նա սկսել է ջուր խմել, սակայն սննդից առաջվա պես հրաժարվում է։
«Նրա վիճակը ժամ առ ժամ վատանում է»,- գրում են «Լրագրողներ»-ը ՝ կոչ անելով ադրբեջանական իշխանություններին ազատել Մեհման Հուսեյնովին եւ դադարեցնել նրա հանդեպ նոր գործի հարուցումը։
Մամուլի ազատության ամենամյա վարկանիշում Ադրբեջանը զբաղեցնում է 163-րդ տեղը՝ 180-ից։





























