ԱՄՆ իշխանություններն ակնկալում են ավելի շատ տեղեկատվություն ստանալ ամերիկյան նախկին ծովային հետեւակայինի գործով, ով ձերբակալվել է ԱԴԾ-ի կողմից՝ հայտնում է պետքարտուղար Մայք Պոմպեոն՝ տեղեկացնում է BBC-ն։
«Մենք հստակ Ռուսաստանին հույս ենք հայտնել, որ կիմանանք մեղադրանքների մասին, կհասկանաք, թե ինչում են նրան մեղադրում։ Եւ եթե կալանավորումը հիմնավորված չէ, մենք կպահանջենք անհապաղ վերադարձնել նրան»,- լրագրողներին ասել է Պոմպեոն։
Նրա խոսքերով՝ Վաշինգտոնն ակնկալում է մոտակա ժամերին հյուպատոսական հասանելիություն ստանալ ամերիկացու հանդեպ։
Դեկտեմբերի 31-ին ԱԴԾ-ն հայտնել էր, որ ամերիկյան քաղաքացի Փոլ Ուիլանը կալանավորվել է դեկտեմբերի 28-ին՝ «լրտեսական գործողություններ կատարելիս»։
Հաջորդ օրը նրա եղբայր Դեւիդ Ուիլանը BBC-ին պատմել էր, որ Փոլը Ռուսաստան է մեկնել ընկերոջ հարսանիքին մասնակցելու համար։ Դեւիդը նաեւ ասել էր, որ եղբայրը նախկինում ծառայել է ԱՄՆ ծովային հետեւակում, սակայն հետո ազատվել է՝ դառնալով պահուստային։ Նա բազմիցս այցելել է Ռուսաստան՝ թե որպես զբոսաշրջիկ, թե որպես Kelly Services խորհրդատվական ընկերության աշխատակից, սակայն նրա բոլոր այցերը կարճաժամկետ են եղել։
Փոլ Ուիլանը Ռուսաստան է ժամանել դեկտեմբերի 22-ին։ Վերջին անգամ ընտանիքը նրա հետ կապ է ունեցել դեկտեմբերի 28-ին, հարսանիքի նախօրեին։ Նրա կալանավորման մասին հարազատները ԶԼՄ-ներից են իմացել։ Եղբոր խոսքով՝ վերջին ժամանակներս Փոլն աշխատում էր ավտոմեքենաների մասեր արտադրող BorgWarner ընկերության անվտանգության ծառայությունում։
Washington Post թերթի տվյալներով՝ Փոլ Ուիլանը ծովայի հետեւակում ծառայության է անցել 1994թ․, մասնակցել է Իրաքի գործողություններին, սակայն 2008թ․ գողության մեջ մեղադրվելուց հետո հեռացվել է զինված ուժերից։





























