ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ ամերիկյան զորքերը Սիրիայից դուրս կբերվեն «որոշակի ժամանակահատվածի ընթացքում», եւ նշել է, որ ուզում է պաշտպանել ԱՄՆ-ի կողմից սատարվող քուրդ զինյալներին։ Նա Սիրիայից զորքերի դուրսբերման գրաֆիկ չի ներկայացրել՝ հայտնում է Reuters-ը։

Սպիտակ տանը կառավարության նիստի ժամանակ Թրամփը հայտարարել է, որ ինքը չի խոսել Սիրիայում տեղակայված ամերիկյան 2000 զինծառայողներին հանելու քառամսյա գրաֆիկի մասին։ Նրա խոսքով՝ գործընթացը դանդաղ կլինի։

Հանրապետական սենատոր Լինդսի Գրեմը Թրամփի հետ հանդիպումից հետո հայտարարել է, որ վստահություն է զգացել Սիրիայի հանդեպ քաղաքականության հարցում։ Նա նշել է, որ Թրամփը չի ուզում Թուրքիան հակամարտության մեջ մտնի քրդական ուժերի հետ, երբ ԱՄՆ զորքերը հեռանան այնտեղից։