Մենք այնքա՜ն իրական հերոսներ ենք ունեցել ու ունենք, որոնց ո՛չ հիշում ենք, ո՛չ գնահատում։ Այս մասին Facebook-ի իր էջում գրել է Արցախի նախկին օմբուդսմեն Ռուբեն Մելիքյանը։

Նա, նաեւ նշել է. «Դրա փոխարեն հերոսացնում ու գնահատում ենք մարդկանց, որոնց արարքները, մեղմ ասած, խիստ վիճելի են։ Ու՞մ նկատի ունեմ։ Այնքա՜ն մարդկանց նկատի ունեմ։ Թեեւ կոնկրետ հիմա մտածում եմ այն երիտասարդի մասին, որն Արցախի դրոշը ծածանելով՝ մարզադաշտ մտավ ու վազքով անցավ ադրբեջանական ինչ-որ թիմի խաղի ժամանակ։

Ու այդ երիտասարդը թերեւս մեղավոր չէ, քանի որ նա լավ գիտի - «հերոսացման» համար ընդամենը պետք է նման մի քայլ, քայլ, որը, եկեք անկեղծ լինենք, արդյունավետության տեսանկյունից ամուլ է Ավետարանական թզենու պես։

Բայց հերոսակերտման «մեքենան» անսխալական է աշխատում - երիտասարդը հերոսացված է եւ վերջ։

2019-ը եկեք հայտարարենք հասունացման տարի եւ վերագնահատենք մեր մանկական սովորություններից գոնե որոշները։