«Դեղին բաճկոններ» շարժման ներկայացուցիչները Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնին ուղղված բաց նամակ են հրապարակել Facebook-ում՝ ի պատասխան նրա ամանորյա ուղերձի, որում պահանջել են Ելիսեյան պալատում «բանակցություններ» կազմակերպել եւ կոչ են արել շաբաթ հերթական ցույցն անցկացնել, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն: 

Նամակը համացանցում է տեղադրել «La France en colère» («Ֆրանսիան զայրացած է») խումբը՝ մակագրությամբ, որ այն շաբաթ տեղական ժամանակով 14.00-ին կընթերցվի Փարիզի քաղաքապետարանի շենքում, «դեղին բաճկոնավորների» հերթական հավաքի ժամանակ:

«Զայրույթը կվերափոխվի ատելության, եթե դուք եւ ձեր համախոհները շարունակեք ձեր պատվանդանի բարձունքից մարդկանց վրա նայել իբրեւ խառնամբոխի, նրանց համարել անատամ մարդիկ, որոնք իրենցից ոչինչ չեն ներկայացնում»,- նշված է նամակում՝ ի պատասխան Մակրոնի այն բառերի, որ զայրույթը, «որքան էլ այն մեծ լինի», նշանակում է, որ իշխանությունները «չեն նահանջել»:

Նամակի հեղինակները հայտարարել են, որ կարող են քննարկում սկսել «Ֆրանսիայի ժողովրդին գերիշխող դիրքը վերադարձնելու շուրջ», միայն եթե նախագահը հարգարժան մարդու նշանակի, որի «նկատմամբ ոչ մի քննություն չի վարվում», եւ որը կոռումպացված համակարգին մաս չի կազմում:

Ցուցարարների ներկայացուցիչները շեշտել են, որ նախագահի առաջարկած «ազգային խորհրդակցությունների անցկացումը» «քաղաքական խորամանկություն» են համարում՝ ցուցարարների հիմնական պահանջներից մեկի՝ քաղաքացիական նախաձեռնությամբ հանրաքվեի ընթացակարգ սահմանելու մասին քննարկումներից խուսափելու համար, որը ժողովրդին, մասնավորապես, թույլ կտար անարդարացի օրենքները չեղյալ հայտարարել: