Անցյալ տարվա արդյունքներով՝ Չինաստանի բնակչության թիվը 1,27 մլն-ով կրճատվել է, հայտնում է AFP-ն:
Պեկինի համալսարանից տնտեսագետ Սու Ցզյանը եւ Մադիսոնում Վիսքոնսինի համալսարանից (ԱՄՆ) ծնելիության հարցերով մասնագետ Ի Ֆուսյանը այսպիսի եզրակացության են եկել Չինաստանի առողջապահության եւ պլանային մանկածնության գործերով պետական կոմիտեի վիճակագրության եւ ընդհանուր հասանելիության այլ տվյալների ուսումնասիրությունից հետո:
Գիտնականները հաշվարկել են, որ Չինաստանում ծնվող երեխաների թիվը 2017 թվականի համեմատությամբ 2,5 մլն-ով նվազել է: Սպասվում էր, որ այս ցուցանիշը 790 հազարով աճելու է:
Չինաստանում բնակչության կրճատումը գրանցվել է 70 տարում առաջին անգամ: Ի Ֆուսյանի կարծիքով՝ այս միտումը կարող է անշրջելի լինել: Նա ծնելիության անկումը պայմանավորում է մանկածնության տարիքի կանանց թվի նվազմամբ եւ կրթության, բնակարանի եւ բուժօգնության աճող ծախսերի պատճառով երեխաներ ունենալու ցանկության բացակայությամբ:
Չինաստանի բնակչության թվի փոփոխության վերաբերյալ պաշտոնական տվյալները դեռեւս չեն հրապարակվել: Չինաստանի վիճակագրական ազգային բյուրոն նախատեսել է հրապարակել մինչեւ հունվարի վերջը: Կազմակերպության գնահատմամբ՝ 2017 թվականին Չինաստանում բնակվել է 1,39 մլրդ մարդ:
Չինաստանի իշխանությունները 1979 թվականին ծնելիության կարգավորման արշավ էին սկսել, որը կոչվում էր «Մեկ ընտանիք՝ մեկ երեխա»: 2016 թվականին երեխաների թվի սահմանափակումը մասամբ հանվել էր, սակայն դրան հաջորդած ծնելիության աճն ակնկալիքները չէր արդարացրել:
Սահմանափակումները հանելուց հետո հենց առաջին տարում նորածինների թիվը հասել էր 18 մլն 460 հազարի, ինչը 2000 թվականից սկսած ամենաբարձր ցուցանիշն է:





























