«Դեղին բաճկոններ» շարժման մասնակիցների բախումներ են տեղի ունեցել Փարիզում, Ֆրանսիայի Ազգային ժողովի (խորհրդարանի ստորին պալատ) շենքի մոտ բողոքի ցույցի ժամանակ, իրավապահ մարմիններն արցունքաբեր գազ են օգտագործում, տեղեկացնում է ՌԻԱ «Նովոստի»-ն։

Զանգվածային երթը, որին մասնակցում է առնվազն մի քանի հազար մարդ, մեկնարկել է քաղաքապետարանի մոտ գտնվող Օթել դը Վիլ հրապարակից։ Ցուցարարների շարասյունը հասել է Օրսե թանգարանին։

Սոլֆերինո փողոցում եւ նրան հարող կամրջին կանգնած են ոստիկանական ջոկատներ։ Որոշ ցուցարարներ, որոնց մեծ մասը երիտասարդներ են, սկսել են շշեր, քարեր, ասֆալտի կտորներ նետել կարգը պահպանողների վրա։ Ի պատասխան՝ իրավապահ մարմինները մի քանի անգամ արցունքաբեր գազ են կիրառել։

Բողոքի ցույցերը շաբաթ օրն անցնում են նաեւ ֆրանսիական այլ քաղաքներում, այդ թվում Ռուանում, Մարսելում։

«Դեղին բաճկոնների» ցույցերը սկսվել են նոյեմբերի կեսին՝ վառելիքի հարկը եւ բենզինի գինը չբարձրացնելու պահանջով, այնուհետեւ դրանց ավելացել են նաեւ այլ պահանջներ։ Ֆրանսիական իշխանությունների սոցիալական քաղաքականությունից դժգոհ ցուցարարները շարունակում են փողոցներ դուրս գալ ողջ երկրում՝ չնայած իրադրությունը հանդարտեցնելու վերաբերյալ Ֆրանսիայի ղեկավարության հայտարարած միջոցներին։ Հաճախ բողոքի ցույցերն ուղեկցվում են անկարգություններով եւ ոստիկանության հետ ցուցարարների բախումներով։