Վաշինգտոնին չի հաջողվել համոզել Անկարային հրաժարվել ռուսական Ս-400 զենիթահրթիռային կայաններ ձեռքբերելուց՝ ի օգուտ ամերիկյան Patriot համակարգի, հաղորդում է Ինտերֆաքս-ը՝ վկայակոչելով «Յենի շաֆակ» թուրքական թերթին:
Ըստ թերթի տվյալների՝ Patriot համակարգերի հարցով բանակցությունների ընթացքում թուրքական կողմին չի հաջողվել հասել նրան, որ Վաշինգտոնը պայմանագրում ներառի տեխնոլոգիաների փոխանցման մասին կետը, ինչպես նաեւ 3.5 մլրդ դոլար զեղչի համաձայնություն տա: Անկարայում նշում են, որ ռուսական համակարգերի գնումը Թուրքիայի համար շատ ավելի էժան կարժենա:
« Ս-400-ի ձեռքբերումը համապատասխանում է մեր երկրի հրատապ կարինքերին: Մենք կձեռնարկենք բոլոր անհրաժեշտ միջոցառումները, որպեսզի այս համակարգն անկախ գործի եւ չվնասի ՆԱՏՕ-ի համակարգերին: Մենք շարունակում ենք շփվել ամերիկյան իշխանությունների հետ, որոնք շատ մտահոգված են այդ խնդրով»,-թերթը մեջբերում է Թուրքիայի ԱԳ նախարար Մեվլյուտ Չավուշօղլու խոսքերը:
Նախօրեին «Յենի շաֆակ» թերթը հայտնել էր, որ ԱՄՆ-ի պատվիրակությունը, որը ժամանել էր Անկարա Patriot զենիթահրթիռային համալիրների վաճառքի պայմանները քննարկելու նպատակով, այդ գործարքի համար պայման էր առաջադրել, որ Թուրքիան հրաժարվի ռուսական Ս-400 համակարգերի գնումից:
Ավելի վաղ հաղորդվում էր, որ դեկտեմբերին ԱՄՆ-ի Պետդեպարտամենտը հաստատել էր Թուրքիայի համար Patriot համալիրների վաճառքը $3,5 մլրդ դոլարի չափով:
Թուրքիան երկու անգամ մերժել էր Patriot-ի գնման առաջարկը՝ նախ ի օգուտ չինական համալիրների, այնուհետեւ՝ Ս-400-ի: ԱՄՆ-ն եւ ՆԱՏՕ-ն բազմիցս նախազգուշացրել էին թուրքական կողմին, որ Ս-400-ը չի կարող ներառվել միության հակաօդային եւ հակահրթիռային համակարգի մեջ:





























