Ավանդական խմբային «սառցե» հարսանիքը տեղի է ունեցել կիրակի չինական հյուսիս-արեւելյան Հեյլունցյան նահանգի Հարբին քաղաքում. արարողությունն ացնկացվում է 35 տարի շարունակ, ինչի համար արժանացել է Գինեսի Գրքի ռեկորդակրի կոչմանը, հաղորդում է ՐԻԱ Նովոստի-ն՝ վկայակոչելով քաղաքային վարչության ներկայացուցիչներին:

Ըստ տեղական իշխանությունների՝ ռեկորդը հաստատել է Գինեսի ռեկորդների գրքի շանհայան ներկայացուցչությունը:

Արարողությունն սկսվել է վաղ առավոյան 20 աստիճան ցրտի պայմաններում Չժունյանդացզե քաղաքի կենտրոնական հետիոտնային փողոցով նորապսակների հանդիսավոր քայլերթով, որին մասնակցել է 47 զույգ՝ Չինաստանի տարբեր քաղաքներից եւ նահանգներից, այդ թվում նաեւ Սիչուան, Ֆուցզյան, Շենսի, Հեբեյ, Շանդուն, Լյաոին նահանգներից, Ներքին Մոնղոլիայից, ինչպես նաեւ կար փեսացու Իտալիայից: Բուն արարողությունը տեղի է ունեցել Սունհարի գետի ափին Ջրհեղեղի դեմ պայքարող հերոսներին նվիրված հայտնի հուշարձանի մոտ գտնվող հրապարակում եւ, չնայած սառնամանիքին, բոլորն ունեին բարձր տրամադրություն:

«Սառցե» հարսանիքն իրականացվում է ամբողջ աշխարհում հայտնի ձյան եւ սառույցի փառատոնի շրջանակներում. 35 տարվա ընթացքում նմանօրինակ փառատոներին մասնակցել է 1170 երիտասարդ զույգ հինգ մայցամաքներից, որոնք համարում են, որ պսակադրությունն առավել ռոմանտիկ է Հարբինում ուժգին սառնամանիքի պայմաններում: