Նախորդ տարի Վրաստան են այցելել ռեկորդային թվով օտարերկրյա զբոսաշրջիկներ՝ 8.7 մլն մարդ, հաղորդում է Կավկազսկի ուզել-ը՝ վկայակոչելով երկրի Զբոսաշրջության ազգային վարչությանը:
Դա 14,9 տոկոսով գերազանցում է նախորդ տարվա ցուցանիշը, հաղորդել է երկրի Զբոսաշրջության ազգային վարչությունը:
Ինչպես գրում էր Կավկազսկի ուզել-ը, 2017 թվականին Վրաստան այցելել է 7.5 մլն մարդ: Ըստ քանակի՝ առաջին եռյակում են Հայաստանի, Ադրբեջանի եւ Ռուսաստանի քաղաքացիները:
Թվով ամենաշատ օտարերկրյա զբոսաշրջիկները Վրաստատ են ժամանել Ադրբեջանից՝ 1.4 մլն մարդ: Դա 9.5 տոկոսով ավելին է, քան 2017 թվականին: Երկրորդ տեղում են ռուսները, որոնց թիվը գրեթե հասնում է 1.4 մլն-ի: Դա 23.8 տոկոսով է գերազանցում 2017 թվականի ցուցանիշը: Երրորդ տեղը զբաղեցնում է Հայաստանը, որտեղից Վրաստան է այցելել 1,3մլն մարդ (1 տոկոսով նվազել է), հաղորդում է Ինտեֆաքս-Տուրիզմ-ը՝ վկայակոչելով երկրի Զբոսաշրջության ազգային վարչությանը:
Երկիր են այցելել նաեւ Թուրքիայի, Իրանի, Ուկրաինայի, Իսրայելի, Բելառուսի, ԱՄՆ-ի եւ այլ երկրների քաղաքացիները:
Ըստ նախնական տվյալների՝ 2018 թվականին Վրաստանի զբոսաշրջությունից ստացված եկամուտները գերազանցել են 3 մլրդ դոլարը, հայտնել են վարչապետ Մամուկա Բախտաձեն եւ տնտեսության ու կայուն զարգացման նախարար Գեորգի Քոբուլիան «տուրիստական տարվա» արդյունքների շնորհանդեսի ժամանակ:
Ըստ նրա՝ ծրագրվում է վերանորոգել լեռնային Աջարիայում դեպի Գոդերձի հանգստավայր տանող ճանապարհը (ինչպես Բաթումիի կողմից, այնպես էլ Սամցխե-Ջավախեթիի Ադիգենյան շրջանի կողմից), իսկ Գուդաուրիում նախատեսվում է կառուցել նոր կայանատեղի եւ ճոպանուղի:
Ըստ Քոբուլիայի՝ հատկապես լեռնային հանգստավայրերը տուրիստական ճյուղի առաջնահերթություններից են:
2017 թվականին զբոսաշրջությունից ստացված եկամուտները կազմում էին 2.7 մլրդ դոլար, հունվարի 5-ին Կավկազսկի ուզել-ի թղթակցին հայտնել է Զբոսաշրջության ազգային վարչության հասարակայնության հետ կապերի դեպարտամենտի գլխավոր մասնագետ Թեա Չանչիվաձեն:





























