ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը ընդհատակում գտնվելու ժամանակ թաքնվել է ԱԺ պատգամավոր Ալեն Սիմոնյանի կնոջ մորական տանը։ Այս մասին Ալեն Սիմոնյանը պատմել է այսօր՝ հունվարի 7-ին, «Ազատության» եթերում հեռարձակվող «Ֆեսբուքյան ասուլիսի» ժամանակ։

«Երբ մենք ծանոթացել ենք, ինքը եղել է ընդհատակում, և ինչ-որ պահ կար, որ պետք է ինքը հանձնվեր, նա ինձ ասաց, որ պետք է հասկանանք, թե ոնց ենք անում, որ ես հայտնվեմ դատախազության շենքում։ Պետք էր դա անել այնպես, որ ընթացքում ինքը չբռնվեր։ Դրա համար մենք նկարահանեցինք տեսանյութ, որտեղ ինքն ասում է․ «Քիչ անց ես կլքեմ այս տարածքը, որը կոչում եմ ընդհատակ», տեսանյութը տեղադրեցինք, հետո ես իմ մեքենայով մոտեցա թաքստոցին, որից հետո մոտեցանք Սունդուկյան թատրոնին, այնտեղից նա քայլեց ու մտավ, ասաց՝ «բարև ձեզ, ես Նիկոլ Փաշինյանն եմ», իսկ երբ բանտից դուրս եկավ, մեր ընկերությունը կրկին շարունակվեց»,-պատմել է նա։

Ալեն Սիմոնյանի խոսքով՝ Նիկոլ Փաշինյանն ընդհատակում եղած ժամանակ իր կնոջ մայրական տանն է թաքնվել։ 

Նշենք, որ Նիկոլ Փաշինյանը 2008 թվականի մարտի 1-ից հետո շուրջ մեկուկես տարի ընդհատակում մնալուց հետո 2009 թվականի հուլիսի 1–ին ինքնակամ ներկայացել է ՀՀ գլխավոր դատախազություն, ձերբակալվել է, այնուհետեւ դատապարտվել 7 տարվա ազատազրկման, իսկ 2011 թվականին համաներմամբ ազատ արձակվել: