ԼՂՀ արտաքին գործերի նախարարությունն այսօր մեկնաբանել է մտավորականության վերջին նախաձեռնության վերաբերյալ Ադրբեջանի պաշտոնատար անձանց կատարած խեղաթյուրված մեկնությունները:

Ըստ ԼՂՀ ԱԳՆ-ի «Լեռնային Ղարաբաղի ղեկավարությունը հերթական անգամ ցուցադրեց բարի կամքի դրսեւորում` համաձայնելով հյուրընկալել Հայաստանի եւ Ադրբեջանի ստեղծագործական մտավորականության ներկայացուցիչներին Ռուսաստանի Դաշնությունում ՀՀ եւ ԱՀ դեսպաններ Արմեն Սմբատյանի եւ Փոլադ Բյուլ- Բյուլ օղլու, ինչպես նաեւ մշակույթի եւ կինոմոտոգրաֆիայի Ռուսաստանի դաշնային գործակալության ղեկավար, ՌԴ ԱԳՆ-ի հատուկ հանձնարարությունների գծով դեսպան, ՌԴ նախագահի մշակույթի գծով հատուկ ներկայացուցիչ Միխաիլ Շվըդկոյի առաջնորդությամբ, դրանով իսկ վերահաստատելով ղարաբաղյան խնդրի խաղաղ կարգավորման գործընթացի հանդեպ իր սկզբունքային հավատարմությունը»:

ԼՂՀ արտգործնախարարությունը նաեւ տեղեկացնում է, որ ղարաբաղյան կողմի պահանջով փոխվել է ոչ միայն երթուղին, այլեւ ընդգծված հակաղարաբաղյան եւ հակահայկական կեցվածքի պատճառով պատվիրակության կազմից հանվել են Ադրբեջանի Միլլի մեջլիսի պատգամավոր Խավվա Մամեդովան եւ պատվիրակության անդամ Չինգիզ Իսմաիլովը: «Նկատի ունենալով այս այցի հանդեպ ադրբեջանական կողմի շահագրգռվածությունը, դժվար չէ ենթադրել, որ պաշտոնական Բաքուն ուղիներ է որոնում արմատական փոփոխության ենթարկել բանակցային գործընթացի ձեւաչափը եւ առանց միջնորդների անմիջական բանակցություններ վարել ԼՂՀ ղեկավարության հետ, ինչին այլընտրանք չկա: Հաշվի առնելով նման փոխադարձ այցերի ազդակները, միտված հակամարտության մեջ հայտնված հասարակություններում լարվածության թուլացմանը, միջոցառումն արժանի է ուշադրության:

Սույն այցը ուշագրավ է նաեւ մասնավորապես այն առումով, որ Ադրբեջանի մտավորականության ներկայացուցիչները լինելով մեր երկրում, մի ավելորդ անգամ եւս համոզվեցին, որ գործ ունեն կայացած պետության հետ, ուր անկախ հանրապետության հռչակումից հետո ընկած ժամանակահատվածում, հաղթահարելով Ադրբեջանի կողմից սանձազերծած ագրեսիայի, պարտադրված պատերազմի ու նաև շրջափակման հետեւանքով առաջացած դժվարություններն ու արգելքները, բոլոր ոլորտներում աննախադեպ ծավալով առաջընթաց է գրանցվել, որի արդյունքում լավագույն նախադրյալներ են ստեղծվել ԼՂՀ անկախության միջազգային ճանաչման գործընթացում»,- ասված է ԼՂՀ ԱԳՆ հայտարարության մեջ: