Երկրի իշխանությունների եւ Հայ ազգային կոնգրեսի՝ ի դեմս Լեւոն Տեր-Պետրոսյանի, մոտեցումները հայ-թուրքական հարցում գործնականում չեն տարբերվում, սեպտեմբերի 22-ին կայացած մամուլի ասուլիսում հայտարարել է ՀՅԴաշնակցության Բյուրոյի անդամ Վահան Հովհաննիսյանը:

Միաժամանակ նա ընդգծել է, որ Տեր-Պետրոսյանը հրաշալի գիտի, թե իշխանությունների քաղաքականությունն այդ հարցում դատապարտված է ձախողման, եւ անհամբեր սպասում է այդ ձախողմանը, որ հետո դա օգտագործի իր քաղաքական նպատակների համար: "Տեր-Պետրոսյանը սպասում է իշխանությունների ձախողմանը, որ դառնա հայ ժողովրդի միանձնյա «պապան»: Այսօր իշխանությունները հայ-թուրքական հարցում իրականացնում են այն, ինչ իր ժամանակին մտադիր էր անել ինքը՝ Տեր-Պետրոսյանը, բայց վերջինս անհամբեր սպասում է Սերժ Սարգսյանի ձախողմանը, որ գա եւ ասի. «ահա վատերը ամեն ինչ ձախողեցին, իսկ ես ուժ չունեմ կարգավորել իրավիճակը»,- ՏերՊետրոսյանի «իրական» մտադրությունները գաղտնազերծեց Վահան Հովհաննիսյանը: