Եթե այլ ես ընտրեի այս երկու թեկնածուների միջեւ, այլ հավասար պայմաններում նախապատվությունը կտայի կին թեկնածուին: Այս մասին, այսօր՝ հունվարի 15-ին, ԱԺ-ում ընդդիմադիր փոխխոսնակի ընտրության հարցի քննարկման ժամանակ նշեց ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը:

«Եթե ես ստիպված լինեի ընտրել երկու ուժերի՝ ԲՀԿ-ի եւ «Լուսավոր Հայաստանի» Միջեւ, ես չէի ընտրի ոչ մեկին, որովհետեւ ես իմ քաղաքական ընտրությունն արել եմ ի օգուտ «Իմ քայլը» դաշինքի: Ես այս ընտրություններին մոտենում եմ այլ տրամաբանությամբ: Սա «Իմ քայլը» դաշինքի համար այնքան ընտրության հարց չի, որքան քաղաքական դաշտում եւ խորհրդարանում դիրքավորվելու հարց է: Դա պետք է հիմնված լինի սկզբունքի վրա: Մի դեպքում կա սկզբունք, մյուս դեպքում սկզբունք չկա; Սա է ամբողջը ու շատ պարզ է: Մի դեպքում կա սկզբունք, որ «Իմ քայլը» հայտարարում է, որ իրեն իրավունք չի վերապահում փոխել ժողովրդի քվեով առաջացած համամասնությունը»,-ընդգծեց Արարատ Միրզոյանը:

Նա տեղեկացրեց, որ այս օրերին եղել են քաղաքական խորհրդակցություններ եւ իրենք որոշել են շատ կարեւոր հանձնաժողովներից մեկի նախագահի պաշտոնը զիջել իրենց գործընկերներին, այդ թվում «Լուսավոր Հայաստանին», այդ թվում հաշվի առնելով թեկնածուների անցած ճանապարհը:

Նշենք, որ ԱԺ ընդդիմադիր փոխխոսնակի պաշտոնի համար ԲՀԿ-ն առաջադրել է Վահե Էնֆիաջյանի թեկնածությունը, իսկ «Լուսավոր Հայաստանը»՝ Մանե Թանդիլյանի թեկնածությունը:

Իշխող «Իմ քայլը» խմբակցությունը որոշել է, որ քվեարկելու է ԲՀԿ թեկնածուի օգտին, քանի որ ԲՀԿ-ն ավելի մեծ խմբակցություն ունի: