Հայաստանում լրատվամիջոցների վրա ճնշումները կաճեն: Այս մասին հունվարի 16-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարել է ԶԼՄ-ների պաշտպանության ծրագրի ղեկավար Աղասի Էնոքյանը:

Նրա խոսքերով, դա պայմանավորված է նրանով, որ իշխանությունը մշտապես փորձում է ընդլայնել իր տարածքը: «Որպես ընդդիմադիր, Նիկոլ Փաշինյանը խոսում էր ինստիտուցիոնալ ընդդիմության անհրաժեշտության մասին, բայց հիմա, իշխանության գալով, ամեն ինչ արեց, որպեսզի դա տեղի չունենա: Ինչպես ընդդիմությունը, լրատվամիջոցները եւս խոչընդոտ են իշխանության ընդլայնման ճանապարհին: Հայտարարություններն առ այն, որ մեդիադաշտում սեփականության վերաբաշխում չի լինելու, հնչում է որպես բարի կամքի ժեստ, թեեւ նման գործողությունն անօրինական է ի սկզբանե», - նշել է նա:

Ենոքյանը շեշտել է, որ իշխանությունն ընդհանրապես չպետք է գնահատի հասարակության մեջ խոսքի ազատության մակարդակը: «Դրա համար կան հասարակական կազմակերպություններ, որոնց մի մասը, ցավոք, այսօր քաղաքականացված են: Մեր նախաձեռնությունը ստեղծվել է հենց մեդիայի ազատության մակարդակի գնահատման համար», - ավելացրել է փորձագետը:

Աղասի Ենոքյանը նշել է, որ նոր խորհրդարանի ձեւավորումը հանգեցրել է լրատվամիջոցների առավել քաղաքականացմանը, քանի որ դրանցից ոմանք իրենց ներկայացուցիչներն ունեն Ազգային Ժողովում:

Հիշեցնենք, որ հանրապետության կառավարության ղեկավար Նիկոլ Փաշինյանը հունվարի 15-ին Facebook-ի ուղիղ եթերում հայտարարել էր, որ «երկրում տեղեկատվական դաշտի 90%-ը պատկանում է կա՛մ նախկին իշխանության ներկայացուցիչներին, կա՛մ ներկայիս կառավարությանն ընդդիմադիր ուժերի ներկայացուցիչներին»: