Այնպիսի զգացողություն է, որ իշխանության ներկայացուցիչները ավելի շատ զբաղված են լրատվական ոլորտի մոնիթորինգով, քան իրենց անմիջական պարտավորությունների կատարմամբ: Այսօր այս մասին լրագրողների հետ հանդիպմանն ասաց «Հրապարակ» թերթի խմբագիր Արմինե Օհանյանը:
Նրա խոսքով, եթե առաջ լրատվամիջոցների համար անբարենպաստ աշխատանքային մթնոլորտ էր ձեւավորում ՀՀԿ-ն, ապա այժմ դրանով զբաղվում է նոր իշխանությունը:
«Ցավալի է, որ այժմ անհանդուրժողականության մթնոլորտը ձեւավորում է մեր ոլորտի մարդը եւ նա, ով ժողովրդի միջոցով է իշխանության եկել:
ԶԼՄ-ների համար բարենպաստ պայմանների ստեղծման փոխարեն, նոր իշխանությունները, մասնավորապես, Նիկոլ Փաշինյանը, ճնշում են նրանց վրա, հայտարարելով, որ 90 տոկոսը պատկանում է նախկին իշխանության ներկայացուցիչներին կամ գործող իշխանության ընդդիմադիր ուժերին», - նշեց նա:
Օհանյանը շեշտեց, որ Նիկոլ Փաշինյանի կամ նրա վարչակազմի դեմ սոցիալական ցանցերում բոլոր մեկնաբանությունները արագորեն հեռացվում են: «Միեւնույն ժամանակ նրան աջակցող կեղծ էջերի քանակն ավելանում է, որոնց դեմ շատ դժվար է պայքարել», - եզրափակեց նա:





























