ԱԺ մշտական հանձնաժողովների նախագահների ընտրության հարցի քննարկման ժամանակ «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Տարոն Սիմոնյանը ԱԺ Եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի թեկնածու Արման Եղոյանից հետաքրքրվեց, թե ինչպես է վերաբերում ԵՄ իրավական ակտերի մոտարկման հարցին Հայաստանում այն դեպքում՝, երբ Հայաստանը ԵՏՄ անդամ է:
«Ձեր ելույթում նշեցիք, որ հանձնաժողովի կարեւորագույն ֆունկցիաներից մեկը ԵՄ իրավական ակտերի մոտարկումը պետք է լինի ՀՀ օրենսդրության մեջ: Դուք եվրոպագիտություն եք ուսումնասիրել եւ գիտեք, որ ԵՄ իրավունքը բովանդակում է 90 տոկոս տնտեսական իրավունք իր չորս հիմական իրավունքով` անձանց տեղաշարժ, կապիտալի տեղաշարժ եւ այլն: Եթե մենք ԵՄ տնտեսական իրավունքի մոտարկում պետք է իրականացնենք, այն պարագայում, երբ ԵՏՄ տնտեսական միության անդամ ենք, արդյո՞ք դուք այստեղ իրականությունից կտրված խնդիր չեք դնի ձեր առջեւ, կամ հանձնաժողովը կկարողանա այդ մոտարկումը ճիշտ իրականացնել, եթե առաջնային խնդիրը ԵՏՄ մոտարկումն է, քան ԵՄ»,-հարց ուղղեց Տարոն Սիմոնյանը:
Ի պատասխան Արման Եղոյանը նշեց, որ նախատեսված չորս ազատություններն առաջին հերթին վերաբերում են ԵՄ ներքին շուկային, ներսում մարդկանց ծառայությունների, աշխատուժի ազատ տեղաշարժման համար, իսկ ԵՄ-ից դուրս երրորդ կողմերի հետ ԵՄ-ն կնքում է առանձին համաձայնագրեր, ինչպիսին կնքել է Հայաստանի հետ. «Կախված՝ որ երկրի հետ է կնքվում համաձայնագիրը, արդեն այդպես էլ կնքում ենք մեր ներպետական եւ առկա այլ միջազգային պայմանագրերը, թե ինչքանով կարող են համատեղելի լինել»:
Արման Եղոյանի խոսքով, քանի որ Հայաստանը ԵՏՄ անդամ է, ապա արդեն գործող օրենսդրությունում այն նորմերը, որոնք հակասության մեջ կմտնեն արդեն իսկ ՀՀ կողմից կնքված այլ միջազգային տնտեսական պայմանագրերի հետ, բնականաբար, դրանք չեն կարող մոտարկվել:





























