Հայաստանը դեռեւս չի ազատվել տարբեր շուկաներում երկարաժամկետ մենաշնորհներից։ Այս մասին հունվարի 16-ին տեղի ունեցած մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարեց Պետական եկամուտների կոմիտեի նախագահ Դավիթ Անանյանը։ Նրա խոսքով, Հայաստանում երկար տարիներ ձեւավորվոլ են տարբեր ապրանքների, այդ թվում՝ բանանի եւ շաքարի ներկրման մենաշնորհներ։

«Տվյալ պահին շուկաներում նոր մատակարարների համար խոչընդոտներ չկան, իսկ շաքար ներկրողների թիվը աճել է։ Սակայն հայկական շուկան այնքան մեծ չէ, որ մենաշնորհ ունեցողներն ինքնակամ զիջեն իրենց դիրքերը։ Շուկայի եւ սպառման ներկայիս ծավալների պայմաններում դժվար է պատկերացնել, որ նոր խոշոր ներկրողներ կհայտնվեն»,- ասաց ՊԵԿ նախագահը։ Նա հավելեց, որ կոմիտեն՝ տնտեսական զարգացման եւ ներդրումների նախարարության հետ միասին սպառողական ծավալների աճի հնարավորություն է փնտրում, օրինակ՝ շաքարի կամ այլ ապրանքների օգտագործմամբ արտադրությունների ստեղծման հաշվին հետագայում արտահանել պատրաստի արտադրանքը։