ԱՄՆ Կոնգրեսը համարյա պատրաստ է մեղադրանք ներկայացնել Դոնալդ Թրամփին։ Այս մասին CNN-ին հայտնել է դեմոկրատ սենատոր Շելդոն Ուայթհաուսը։
«Ես բոլորովին էլ համաձայն չեմ Իրավաբանական խորհրդատվության վարչության (OLC) այն տեսակետի հետ, ըստ որի նախագահը չի կարող մեղադրվել։ Կարծում եմ, որ եթե նա հանցանք է գործել, նրան պետք է մեղադրանք ներկայացվի»,- ասել է նա»։
Ուայթհաուսը բերել է Նիքսոնի օրինակը եւ այլ օրինակներ, որոնք, նրա խոսքով, չեն համապատասխանում նախագահի մասին հայեցակարգին։
Այն հարցին, թե մեղադրանք առաջադրելու համար բավարար հանցանշաններ կա՞ն Թրամփի դեմ, սենատորը պատասխանել է, որ կուզեր քննիչներն ավելի շատ ժամանակ ունենային։ Նախկին գլխավոր դատախազ Ուայթհաուսը նշել է, թե «մենք գտնվում ենք մի ռեժիմում, որը, ինչպես ես եմ ենթադրում, կբերի նախագահի դեմ մեղադրանքների»։
Այն ակնարկին, թե մինչ այժմ որեւէ ապացույց չի ներկայացվել Թրամփի նախընտրական շտաբի եւ Ռուսաստանի միջեւ կապի մասին, Ուայթհաուսը արձագանքել է․ «Ես այդպես չէի ասի։ Ես կասեի ուղիղ ապացույցներ չեն եղել։ Կարծում եմ, որ կան շատ անուղղակի ապացույցներ, որոնք կարելի է ներկայացնել ատենակալներին։ Սակայն, որպես դատախազ, ես կուզեի շարունակել հետաքննությունը եւ փորձել իսկապես ուղիղ ապացույցներ գտնել»։





























