Հայաստանի իշխանությունները գյուղատնտեսական խնդիրների լուծման համար ներուժը չեն օգտագործում: Հունվարի 17-ին լրագրողների հետ հանդիպմանն այս մասին ասաց «Ֆերմերային շարժում» հկ նախագահ Սարգիս Սեդրակյանը:
Ըստ նրա, այս խնդիրը լուծելու համար անհրաժեշտ է երկրում առկա կադրային ներուժը ներգրավել:
«Այսօր ղեկավարության մեջ կան մարդիկ, որոնք ունակ չեն նույնիսկ փոքր ձեռնարկություններ ղեկավարել», - նշեց նա:
ՀԿ ղեկավարը նշեց, որ հենց այդ պատճառով անհրաժեշտ չի համարում համապատասխան մարմիններին դիմելը: «Ստիպված ես լինում սոցիալական ցանցերում խնդիրները բարձրացնել, ինչպես նաեւ մամուլի ասուլիսների միջոցով», - ավելացրեց նա:
Սեդրակյանը շեշտեց, որ գյուղացիները նույնպես մասնակցել են հեղափոխությանը, սակայն լուրջ դրական փոփոխություններ դեռ չկան: «Մինչեւ վերջերս, բավականին մարդիկ կային, այդ թվում` Հայաստանից դուրս, ովքեր հետաքրքրություն էին ցուցաբերում եւ նույնիսկ մտադիր էին ներդրումներ անել: Սակայն ներկայիս իրավիճակը լավատեսություն չի ներշնչում», - ասաց նա:




























