Երևանի պետական տիկնիկային թատրոնի որոշ աշխատակիցներ բողոքում են, որ թատրոնի տնօրեն Ռուբեն Բաբայանը չարաշահում է իր պաշտոնեական դիրքը, և իրենք բացի իրենց աշխատանքից կատարում են նաև հաստիքի հետ կապ չունեցող այլ աշխատանքներ:  

Աշխատակիցները նշում են, որ տնօրենի  հետ  խնդիրներ ունեն  դեռ  վաղուց, պարզապես այսքան ժամանակ չեն բարձրաձայնել: Նրանց պնդմամբ՝ Բաբայանը թատրոնում աշխատող բանվորներին ու մեքենավարներին հանձնարարում է հավելյալ աշխատանք կատարել ու դրա դիմաց չի վարձատրում:

NEWS.am-ի հետ զրույցում Ռուբեն Բաբայանը  հերքեց  իր հասցեին հնչեցված մեղադրանքները, վստահեցնելով, որ երբեք ոչ ոքի չի շահագործել:

«Ինչ աշխատանք էլ որ իրականացրել են աշխատողները, դրա դիմաց ստացել են համապատասխան գումար: Չեմ հասկանում, թե ինչ են ուզում: Ես հանձնարարում եմ անել այն, ինչի իրավունքն ունեմ ըստ պայմանագրի, որտեղ պարզ նշված է, որ աշխատակիցները պարտավոր են կատարել տնօրենի հանձնարարությունները»,– ասաց նա։

Բաբայանը նշեց, որ դեկտեմբերի 1-ին թատրոնի՝ իրենից դժգոհ աշխատակիցները հանդիպել են մշակույթի փոխնախարար Նազենի Բաղդասարյանի հետ ու ներկայացրել իրենց անհանգստություններն ու պահանջը. «Ես մի կիլոգրամ փաստաթուղթ ունեմ, որոնք ապացուցում են, որ մեղադրանքներն անհիմն են և յուրաքանչյուր աշխատակից ստացել է իրեն հասանելիք աշխատավարձը»:

Բաբայանը  հերքեց աշխատակիցների մեղադրանքները, թե ինքը թատրոնի տարածքը վարձակալության է տալիս միջոցառումների համար։

 «Միայն մի դեպք է եղել, երբ երեխայի ծննդյան օր է նշվել: Ծնողները գնել էին ներկայացման բոլոր՝ 60 տոմսերն ու խնդրեցին օգնել, որ երեխայի ծննդյան տարեդարձը կազմակերպվի յուրօրինակ ձևով ու հիշարժան լինի:  Ասացին, որ ներկայացումը դիտելուց հետո մի տորթ կբերեն, փոքրիկ խնջույք կկազմակերպեն, որպեսզի երեխաներն ուրախանան: Ես համաձայնեցի: Բայց դրա համար գումար չեմ վերցրել»:

Անդրադառնալով աշխատակիցների հայտարարությանը, որ իրենք մտադիր են դատական գործընթաց սկսել, Ռուբեն Բաբայանն ասաց. «Թող դիմեն դատարան, եթե վստահ են, որ ճիշտ են»: