2019թ.-ի հունվարի 14 – 18-ը ՀՀ ԱՆ քրեակատարողական ծառայության պետի առաջին տեղակալ, արդարադատության գնդապետ Մ. Միքայելյանը եւ  տեղակալներ, արդարադատության գնդապետներ Վ. Մելքոնյանը, Հ. Քոչինյանը եւ Վ. Ծաղիկյանն այցելեցին քրեակատարողական հիմնարկներ: Հիմնարկներում տեղի ունեցած խորհրդակցություններով ամփոփվեցին 2018թ.-ի ընթացքում կատարված աշխատանքները:

ՔԿԾ-ից NEWS.am-ին հայտնում են, որ յուրաքանչյուր հիմնարկում ղեկավար անձնակազմը ներկայացրեց տարեկան հաշվետվությունը՝ ըստ ոլորտների, ինչպես նաեւ անցկացվեցին համեմատականներ 2017 եւ 2018թթ. կատարված աշխատանքների միջեւ:

Հաշվետու զեկույցներից բացի` ծառայության պետի տեղակալներին ներկայացվեցին հիմնարկներում առկա խնդիրները, քննարկվեցին դրանց լուծման հնարավոր ուղիները: Մասնավորապես անդրադարձ եղավ հիմնարկներում հաստիքային միավորների համալրվածության անհրաժեշտությանը, սննդի պահման պայմանների բարելավմանը, ինժեներատեխնիկական միջոցների եւ բժշկական սարքավորումների արդիականացմանն ու համալրմանը:

Խորհրդակցության ընթացքում ծառայության պետի տեղակալները յուրաքանչյուր ոլորտի վերաբերյալ տվեցին հանձնարարականներ: Հատկապես հանձնարարվեց ակտիվացնել քրեակատարողական հիմնարկներում հաստիքային միավորների համալրման ուղղությամբ համագործակցությունը պետական եւ տեղական ինքնակառավարման համապատասխան կառույցների եւ կազմակերպությունների հետ: Հանձնարարվեց նաեւ ավելացնել չնախատեսված խուզարկությունների թիվը, առավել զգոն լինել ազատազրկված անձանց տեսակցության եկած քաղաքացիների խուզարկությունների եւ հանձնուքների զննության ժամանակ, ուժեղացնել պայքարն արգելված իրերի ներթափանցման ուղղությամբ:

Անդրադարձ կատարվեց նաեւ ազատազրկված անձանց հետ տարվող սոցիալ-հոգեբանական աշխատանքներին, հատկապես կարեւորվեցին հոգեբանի աշխատանքը եւ այն հանգամանքը, որ յուրաքանչյուր կալանավորված անձի եւ դատապարտյալի նկատմամբ պետք է լինի անհատական մոտեցում: Առանձնահատուկ շեշտվեց ազատազրկված անձանց շրջանում իրավագիտակցության մակարդակի բարձրացման աշխատանքների ու այդ գործընթացում հասարակական եւ իրավապաշտպան կազմակերպությունների ներգրավվածության կարեւորությունը:

Առաջնահերթ ուշադրություն հրավիրվեց էներգակիրների շահագործման եւ խնայողության հարցերի վրա. հրահանգվեց չգերազանցել կառավարության որոշմամբ սահմանված չափաքանակները: Հանձնարարվեց լինել առանձնապես ուշադիր մատակարարվող ապրանքների եւ սննդի որակի հանդեպ:

Ամփոփելով խորհրդակցության արդյունքները՝ ծառայության պետի տեղակալների կողմից նախանշվեցին եւ հստակեցվեցին նաեւ 2019թ. կատարվելիք աշխատանքները: