Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը եւ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը երեքշաբթի Ախեն քաղաքում երկկողմ համագործակցության մասին նոր համաձայնագիր են ստորագրել, որը դառնալու է 1963 թվականին Կոնրադ Ադենհաուերի եւ Շառլ դե Գոլի միջեւ ստորագրված Ելիսեյան համաձայնագրի լրացումը, փոխանցում է ՏԱՍՍ-ը:

Նոր պայմանագիրը, որն արդեն ստացել է Ախենյան համաձայնագիր անվանումը, նախատեսում է կարեւոր լրացումներ, որոնք Բեռլինի եւ Փարիզի կարծիքով անհրաժեշտ էին դարձել՝ նկատի ունենալով XXI դարի գլոբալ մարտահրավերները: Այն կարգավորում է համագործակցությունը արտաքին քաղաքականության, պաշտպանության եւ անվտանգության ոլորտներում, նախատեսում է տնտեսական ինտեգրում, գերմանա-ֆրանսիական շահերի առաջմղում, մասնավորապես՝ ՄԱԿ-ում, Գերմանիայի եւ Ֆրանսիայի մրցունակության ամրապնդում, քաղաքացիական հասարակությունների միջեւ փոխգործակցության խորացում: