Թուրքական դատարանը  ցմահ ազատազրկման դատապարտված հայտնի լրագրողին դատապարտել է եւս 6 տարվա ազատազրկման՝ տեղեկատվության արտահոսի համար, որը կառավարությունը համարում էր գաղտնի, հաղորդում է Anadolu պետական տեղեկատվական գործակալությունը։

Նազլի Իլիչակը, հինգ այլ լրագրողների հետ, անցյալ տարվա փետրվարին դատապարտվեց ցմահ ազատազրկման՝  2016թ. անհաջող պետական հեղաշրջման փորձի կազմակերպիչներին աջակցելու համար: Բոլոր վեց լրագրողները, ներառյալ Իլիչակը, հերքեցին մեղադրանքները:

Երեքշաբթի դատարանը Իլիչակին դատապարտեց 5 տարվա եւ 10 ամսվա ազատազրկման՝ առանձին գործով, որով նրան մեղադրանք է առաջադրվել «տեղեկատվության փոխանակման համար, որը պետք է գաղտնի մնար՝ բխելով պետության անվտանգության շահերից» հոդվածով։

Իլիչակն անցյալ տարի եւս դատապարտվեց 14 ամսվա ազատազրկման` նախագահին վիրավորելու համար:

Նրա հետ միասին երկու հայտնի լրագրող եղբայրներ՝ Ահմեդ եւ Մեհմեդ Ալթան, անցյալ տարվա փետրվարին դատապարտվեցին ցմահ ազատազրկման: Այս գործը Թուրքիայում մամուլի ազատության եւ դատական ​​համակարգի անկախության հարցում  խորը մտահոգության տեղիք է տալիս :